Բելգիան առաջինը նվաճեց Եվրո-2020-ի ուղեգիր
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Եվրոպայի 2020թ առաջնության ընտրական փուլում կայացել են 7-րդ տուրի առաջին հանդիպումները:
Բելգիայի հավաքականը, սեփական դաշտում 9:0 հաշվով հաղթելով Սան Մարինոյի ընտրանուն, վաստակեց 21 միավոր և առաջինը նվաճեց Եվրո-2020-ի ուղեգիր: Բելգիացիները վեցերորդ անգամ կմասնակցեն եվրոպական առաջնության եզրափակիչ փուլին: Ֆրանսիայում կայացած նախորդ՝ Եվրո-2016-ի մրցաշարում, նրանք հասել էին քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվել էին Ուելսին՝ 1:3:
Ընտրական այս՝ I խմբում, երկրորդ տեղի համար պայքար են մղում Ռուսաստանի և Կիպրոսի հավաքականները: Սակայն, եթե 8-րդ տուրում ռուս ֆուտբոլիստները ոչ-ոքի խաղան հենց կիպրոսցիների հետ, ապա նույնպես Եվրո-2020-ի ուղեգիր կնվաճեն:
Ընթացիկ տուրում կարևոր հաղթանակ տարավ Նիդերլանդների հավաքականը, որը ի հաշիվ հանդիպման ավելացված ժամանակում խփած երկու գոլերի սեփական դաշտում 3:1 հաշվով առավելության հասավ Հյուսիսային Իռլանդիայի ընտրանու նկատմամբ: C խմբում հանդես եկող այս թիմերն այժմ Գերմանիայի հավաքականի հետ միասին գլխավորում են մրցաշարային աղյուսակը. երեքն էլ վաստակել են 12-ական միավոր:
Ընտրական E խմբի առաջատար Խորվաթիան իր հարկի տակ վստահ հաղթանակ տարավ Հունգարիայի նկատմամբ՝ 3:0: Խորվաթները վաստակեցին 13 միավոր և ամրապնդվեցին 1-ին հորիզոնականում: Նրանց շարունակում են հետապնդել Սլովակիան (10 միավոր), Հունգարիան (9) ու Ուելսը (7):
G խմբի առաջատար Լեհաստանի ընտրանին հյուրընկալվելիս հանգիստ հաղթեց Լատվիայի հավաքականին՝ 3:0: Լեհերից ետ չմնացին երկրորդ տեղում գտնվող ավստրիացիները, որոնք սկզբունքային խաղում պարտության մատնեցին իրենց հետապնդող Իսրայելի ընտրանուն՝ 3:1: Յոթ տուրից հետո Լեհաստանը վաստակել է 16 միավոր և շարունակում է գլխավորել աղյուսակը: Նրան հաջորդում են Ավստրիան (13), Հյուսիսային Մակեդոնիան (11), Սլովենիան (11) և Իսրայելը (8): Սա միակ խումբն է, որտեղ երկու ուղեգրերի համար դեռևս պայքարում են 5 թիմեր: