Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոսի՞, թե՞ Գոյի թատրոնը

Մշակույթ

«Աստվածաշունչն ասում է` սուր վերցնողը սուրից էլ կընկնի: Ապաշխարեք»,- Երեւանի երիտասարդական փորձարարական պետական թատրոնի (Փոսի թատրոն) փոխտնօրեն Հերմինե Վահանյանի այս խոսքերն ուղղված են «Գոյ» փորձարարական թատրոնի տնօրեն Արմեն Մազմանյանին:

Ավելին, Հերմինե Վարդանյանը վերջինիս հիշեցնում է, որ Արմեն Մազմանյանի «Գոյ» թատրոնը չի կարող գոյատեւել իրենց թատրոնի «չգոյության» հիման վրա:

Ըստ նրա, որ Փոսի թատրոնի անձնակազմը աշխատանքից զրկվելու վտանգի առաջ է կանգնած:
Մինչեւ վերջերս նրանք մեղադրում էին Հայաստանի մշակույթի նախարարությանը, որ այն ձգտում է միավորել իրենց պետական թատրոնը նման կարգավիճակ չունեցող թատրոնի հետ, որպեսզի վերջինն օգտվի պետական ֆինանսավորման բարիքներից:

Երբ նախարարությունը իրենց համոզել էր, թե նման բան չկա, հանգստացել էին, սակայն նոյեմբերի 11-ին ծանուցագիր են ստացել, թե դեկտեմբերի 31-ին լրանում է աշխատանքային պայմանագրերի ժամկետը, ինչը թատրոնի անձնակազմին նոր վախի տեղիք է տվել:

«Ծանուցման մեջ չի նշվում ոչ հիմքը, ոչ պատճառը: Գիտենք, որ ծանուցում տրվում է միայն այն դեպքում, երբ հակառակ կողմը չի ցանկանում շարունակել իր աշխատանքային պայմանագիրը կամ պետք է նշվի պատճառ կամ հիմք, ինչի հիման վրա է դա տրվում»,- այսօր ասուլիսին ասաց Փոսի թատրոնի գլխավոր ադմինիստրատոր Կարեն Հովհաննիսյանը,-Ես գիտեմ, որ վաղը նոյեմբերի 27-ն է, պետք չի այդ մասին տեղյակ պահել: Մեզ ասացին, որ ոչ մի միտում չունի ծանուցումը, բայց այսօր մեզ համար միանշանակ է, որ այն խաղը, ինչ սկսվել է մի քանի ամիս առաջ, այսօր շարունակվում է: Էժանագին բեմադրված մի ներկայացում, որը փորձում են հասցնել իր ավարտին մշակույթի նախարարության որոշ գործիչներ»:

«Փոսի» թատրոնի փոխտնօրենն էլ ավելացրեց, թե Մազմանյանը եթերում հստակ նշել է, թե «կճզմենք եւ ճզմելու եմ այդ թատրոնին». «Հիմա ուզում եմ դիմել Մազմանյանին, թե ինչո՞ւ եք ուզում մեզ ճզմել, եւ ովքեր եք, որ ուզում եք ճզմել»:
Ըստ նրանց, տեղի է ունեցել գեղարվեստական խորհրդի նիստ, որին քննարկմանն են ներկայացվել 4 պիեսներ, որից անցել է այն ներկայացումը, որը ցանկացել է Մազմանյանը:
«Ի զարմանս ընտրվեց այն գործը, որին ներկա չէր հայտատուն: Ոչ միայն ներկա չէր, չկար նախահաշիվը բեմադրական ծախսերի: Ոչ մի թատրոնում նման բան չեմ տեսել, որ ներկայացվի ներկայացումը, չլինի հայտատուն, ռեժիսորը, բեմադրական ծախսը եւ ընդունվի միաձայն»,-ասաց Հերմինե Վահանյանը: Ի դեպ, այդ ներկայացման մեջ այս թատրոնի դերասանները չեն խաղալու:

Նախարարությունից հույսերը կտրելով` այսօր նրանք ԶԼՄ-ների միջոցով դիմեցի նախագահին. «Խնդրում ենք այս հարցին որեւէ լուծում տալ: Եթե «Գոյ» թատրոնը ուզում է գոյատեւել, խնդրում ենք նրան միջոցներ տրամադրել, թող գոյատեւի, 15 տարվա թատրոն է, թող կարողանա պահել իրեն, բայց ոչ մեկ այլ թատրոնի հաշվին»:
«Ա1+»-ը ՀՀ մշակույթի նախարարությունից փորձեց ճշտել Փոսի թատրոնի անձնակազմի մտավախությունը իրականություն է, թե ոչ: Նախարարությունից խորհուրդ տվեցին դիմել թատրոնի տնօրենի պաշտոնակատար Արթուր Նալբանդյանին, քանի որ նա նախարարության ներկայացուցիչ է:

«Ծանուցագրում նշված չէ, որ որեւէ մեկին ազատում են: Ծանուցում է ուղղակի: Ըստ աշխատանքային օրենսգրքի` ազատման հրաման տրվում է պայմանագիրը լրանալուց 10 օր առաջ, որեւէ մեկը դեռեւս չի ստացել նման բան»,- ասաց Արթուր Նալբանդյանը` ավելացնելով, որ թատրոնը չունի ոչ դահլիճ, ոչ բեմ. «Եթե միավորվի որեւէ թատրոնի հետ, չգիտեմ Մազմանյան կամ որեւէ այլ, թատրոնի անունը չի կորում: Նա որպես այդպիսին մնում է: Բոլոր աշխատողները մնալու են աշխատելու»:

Ի դեպ, նա ասաց, որ իրենց առաջնային խնդիրն է ունենալ բեմ եւ դրա համար համաձայն է անգամ միանալ կաթ կոմբինատի հետ, եթե ապահովեն բեմով: