Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess singfild
A A
Սպորտ

Սինգֆիլդի Գավաթ. Լեւոն Արոնյանին չհաջողվեց շտկել մրցաշարային գործերը

ԱՄՆ Սեյնթ Լուիս քաղաքում ընթացող շախմատի Սինգֆիլդի Գավաթի խաղարկությունում այսօր կկայանա վերջին՝ 11-րդ տուրը:

Տեղի ունեցած 10 խաղափուլերից հետո մրցաշարային աղյուսակը 6 միավորով գլխավորում է չինացի գրոսմայստեր Դին Լիժենը: Նա ընթացիկ պարտիայում սեւերով ոչ-ոքի խաղաց մեր հայրենակից Լեւոն Արոնյանի հետ:

Առաջին տեղի համար կպայքարեն նաեւ ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչին, Սերգեյ Կարյակինը, հնդիկ Վիշվանաթան Անանդն ու աշխարհի չեմպիոն, նովեգացի Մագնուս Կառլսենը, որոնք իրենց ակտիվում ունեն 5,5-ական միավոր: Լեւոն Արոնյանը այս տուրում 8-րդ անգամ ոչ-ոքի խաղաց եւ վաստակած 4 միավորով այժմ Վեսլի Սոյի հետ բաժանում է 11-12-րդ տեղերը:

Հարկ է նշել, որ մրցաշարին մասնակցող 12 շախմատիստներից 6-ը դեռեւս չի հաջողվել ճաշակել հաղթանակի բերկրանքը: Երկու հետնապահներից բացի դրանք են նաեւ Հիկարու Նակամուրան, Անիշ Գիրին, Շախրիյար Մամեդյարովը եւ Ֆաբիանո Կարուանան:

Այսօր կայանալիք 11-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով հանդիպելու է իր բախտակից Վեսլի Սոյի հետ: Մնացած հինգ պարտիաները սկզբունքային նշանակություն ունեն, քանի որ առաջին 5 տեղերը զբաղեցնող շախմատիստները հանդիպելու են հաջորդ հինգ տեղերում ընթացող մասնակիցների հետ: Միանձնյա առաջատար Դին Լիժենը սպիտակներով կհանդիպի Շախրիյար Մամեդյարովի հետ: