Բացել լրահոսը Փակել լրահոսը
61.thumb
A A
Հասարակություն

Միջնորդություն է ներկայացվել` Մուշեղ Սաղաթելյանին դատաբժշկական փորձաքննության ենթարկելու վերաբերյալ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից նոր հանգամանքների ուժով բեկանված և առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ստացված Մուշեղ Սաղաթելյանի քրեական գործը։

Հիշեցնենք, որ հունիսի վերջին ՀՀ վճռաբեկ դատարանն ամբողջությամբ բավարարել էր 2008թ. մարտիմեկյան իրադարձություններին մասնակցած Մուշեղ Սաղաթելյանի վերաբերյալ Երևանի քրեական դատարանի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008-2009թթ. կայացրած դատական ակտերը նոր հանգամանքներով վերանայելու ՀՀ գլխավոր դատախազի բողոքը, իսկ Սաղաթելյանի պաշտպաններ Սեդա Սաֆարյանի և Վահե Գրիգորյանի բողոքը՝ բավարարել մասնակիորեն։

Վերանայման արդյունքում որոշվել էր Երևանի քրեական դատարանի` 2008 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թվականի դեկտեմբերի 10-ի որոշումը բեկանել ու գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության: Մուշեղ Սաղաթելյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով։

Այսօրվա նիստին Մուշեղ Սաղաթելյանը ներկա չէր, քանի որ նա արդեն մեկ տարուց ավելի գտնվում է հիվանդանոցում և պաշտպան Սեդա Սաֆարյանի փոխանցմամբ` չի հաղորդակցվում։ Նիստի ժամանակ միջնորդություն է ներկայացվել, որ դատաբժշկական փորձաքննություն իրականացվի, որպեսզի տեսնեն, թե ի՞նչ հիվանդություններով է տառապում Սաղաթելյանը, արդյոք կարո՞ղ է ներկա գտնվել նիստերին, թե՞ ոչ։

Միջնորդությունից հետո դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու, որը կհրապարակվի վաղը։