Բացել լրահոսը Փակել լրահոսը
67601799_626368521190606_2311405511553056768_n
A A
Հասարակություն

Միայն վարչապետով ոչ մի բան չի լինի, բոլոր պաշտոնյաները պիտի միանան․Խաչիկ գյուղի բնակիչ (տեսանյութ)

Ադրբեջանի հետ մոտ 58 կմ սահմանակից Վայոց ձոր մարզի Խաչիկ գյուղում այսօր կա 260 ընտանիք՝ 1500-1700 բնակչով։ Գյուղի բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ։

Հեկտոր Թադևոսյանը Խաչիկում 40 տարուց ավելի անասնաբույժ է աշխատել, ասում է, որ երիտասարդությունը գյուղում քիչ է, աշխատանք չունենալու պատճառով հիմնականում արտագաղթել են ՌԴ։ Հեկտոր Թադևոսյանի խոսքերով՝ իրենց մոտ խնդիրները շատ են։ Գյուղը մարզկենտրոնից մոտ 40 կմ հեռու է, չկա որևէ տրանսպորտային միջոց։

«Մի ժամանակ աշխատում էր Խաչիկ-Երևան, Խաչիկ-Եղեգնաձոր միկրոավտոբուսը, հիմա չկա։ Այն ժամանակ գոնե շաբաթը երկու անգամ Երևան էր գնում և ամեն օր Եղեգնաձոր»,- ասաց Հեկտոր Թադևոսյանը։

Նա ասում է, որ սահմանի մոտ շուրջ 400 հեկտար հարթավայր ունեն, հողատարածքները ոռոգվում են Արենի գետից՝ եռաստիճան ջրահան կայանի միջոցով։ Տարածքն առանձնահատուկ է նրանով, որ այստեղ աճում է գրեթե ամեն ինչ։ Գյուղում ցանում են ցորեն ու գարի, սակայն այն հավաքելու խնդիր են ունենում, քանի որ գյուղն ապահովված չէ համապատասխան գյուղտեխնիկայով։

«Կա ընդամենը երկու հին կոմբայն՝ 35 տարվա, անորակ այդ կոմբայնները հին են և չեն կարողանում հնձել ստացված բերքը։ Գյուղին հարկավոր է նոր կոմբայն, նոր տեխնիկա, և դրա մասին մշտապես տեղյակ է պահված մարզպետը, գյուղնախարարի տեղակալը։ Ընդհանուր առմամբ՝ սահմանապահ գյուղ ենք, մենք չենք լքի մեր հայրենի հողը և չենք հեռանա, անգամ պատերազմի տարիներին էլ գյուղի երիտասարդները ոտքի կանգնեցին և պաշտպանեցին մեր գյուղը։ Եվ այսօր էլ պաշտպանում ենք, մենք սահմանի վրա աշխատում ենք, ցանում ենք, կալսում ենք և մեր հոգսերը հոգում ենք»,- ասաց Հեկտոր Թադևոսյանը։

Ինչ վերաբերում է գյուղի երտասարդների զբաղվածության խնդրին, Հեկտոր Թադևոսյանն ասաց, որ Խորհրդային միության ժամանակ Խաչիկում գործում էին ռելեի գործարան և կարի արտադրամաս, որտեղ երիտասարդներն աշխատում էին, իսկ հիմա երիտասարդությունը միայն պայմանգրային զինծառայությամբ է զբաղված։ Գյուղն ունի նաև գիշերային լուսավորության խնդիր։ Հեկտոր Թադևոսյանի կինը՝ Ռուզաննա Հովհաննիսյանն էլ ասում է, որ սիրտը լցված է ու շատ բան ունի ասելու։

«Թռչուններից բացի՝  ոչ ոք չկա, սաղ փախել են գյուղից, ով դպրոցն ավարտում է, փախնում է գյուղից, տները քանդված են։ Միայն վարչապետով ոչ մի բան չի լինի, բոլոր պաշտոնյաները պիտի միանան։ Սիրտս լիքն է, բա մի տրանսպորտ չլինի՞, գոնե շաբաթը մի անգամ։ Իշխանափոխությունից հետո միայն ոռոգման ջրի հարցն է լուծվել»։

Այս պահին Խաչիկում գարու և ցորենի բերքահավաք են իրականացնում, ու բնակիչներից մեկի խոսքով՝ թեև երաշտ էր, բայց ցորենի բերքից դժգոհ չեն։ Խաչիկի բնակիչներն իշխանության ուշադրությունն են հրավիրում իրենց գյուղի խնդիրներին՝ կարևորելով դրանք հատկապես այն իմաստով, որ իրենք սահմանապահ գյուղ են, և խնդիրներն իրենց մոտ լավ կլինի, որ արագ լուծվեն։