Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ազնվամորին, ռոքն ու բարեհամբույր ոստիկանները (տեսանյութ)

Տաղավարների սեղանիկներին Սյունիքի բարիքներն են՝ մեղրը, գաթան, հորած պանիրը, սխտորն ու օրվա «գլխավոր հերոսը»՝ ազնվամորին և բնության այս գեղեցիկ ու օգտակար հատապտղից պատրաստած կոմպոտը, մուրաբան, գինին, հյութն ու թեյը: Խորովածի ծուխն էլ իհարկե անպակաս է: Ազգային  երգն  ու պարին միախառնվում են ռոքն ու ժամանակակից ռիթմերը: Ելույթ են ունենում Միքայել Ոսկանյանը, DJ Smoke-ը, Սոֆի Դևոյանի Մշակույթի կենտրոնի սաներն ու Սիսիանի նորաստեղծ «Որոտան» պարային համույթը:

Համերգի հանդիսատեսն ու տաղավարի այցելուները՝ Երևանից ու արտերկրից  ժամանած զբոսաշրջիկներն ու սյունեցիներն են: 

«Հյուրասիրում են սյունեցիները» խորագրով արդեն չորրորդ անգամ անց է կացվում Ազնվամորու փառատոնը: Փառատոնի կազմակերպիչներն են Վորլդ Վիժն Հայաստանը և «Վիկտորյա» ազնվամորի արտադրողների խումբը: Կազմակերպիչների խոսքով, փառատոնը հիանալի հնարավորություն է Սյունիքի մարզի  ազնվամորի արտադրողներին ներկայացնելու և օգնելու, որ վաճառեն իրենց մթերքը, նաև ծանոթանալու պոտենցիալ գնորդների հետ հետագա համագործակցության ակնկալիքով: Այցելուներն էլ հնարավորություն ունեին ազնվամորի ձեռք բերել հենց արտադրողից: Սա լավ առիթ է նաև զբոսաշրջությունը Սյունիքի մարզում զարգացնելու:

Փառատոնն այս անգամ անցկացվեց Շաքիի ջրվեժի հարակից տարածքում:

«Ինչ խոսք, հիանալի հնարավորություն է բացի միջոցառմանը ներկա գտնվելուց, նաև գեղատեսիլ Շաքիի ջրվեժով զմայլվելու, սակայն այն, որ չասֆալտած, փոշոտ, մոտ երկու կիլոմետր ճանապարհը, պետք էր ոտքով հատել, անասելի բացասական տպավորություն թողեց,- ասում է երևանաբնակ տիկին Գայանեն, ով նաև անցյալ տարի էր ներկա գտնվել փառատոնին: -Անցյալ անգամ Աշոտավան գյուղում  անցկացրեցին,  պատկերացրեք տեղի առումով ավելի ճիշտ էր»:

Տիկնոջն այս անգամ, սակայն հաճելիորեն զարմացրել էր ոստիկանների բարեհամբույր պահվածքը, որոնք, նրա խոսքով, պատրաստակամ օգնում էին երեխաներին, կանանց ու տարեցներին՝ ձորի վտանգավոր արահետներն անցնել:

Մոսկվայից Հայաստան եկած երիտասարդ զբոսաշրջիկներ Գրիշան և Անյան սոցիալական ցանցերից են տեղեկացել փառատոնի մասին: Հետաքրքրել է ու որոշել են հենց այս օրերին գալ Հայաստան, որ կարողանան մասնակցել փառատոնին: «Պարզվեց՝ ճիշտ որոշում ենք կայացրել: Ամենահամեղ ազնվամորին էր, որ երբևէ փորձել ենք: Բնություն էլ հրաշք է: Սակայն առավել շատ մեզ տպավորել են մարդիկ՝ հյուրասեր ու բարի»: