Ոտնահարվում է դատավոր Դավիթ Գրիգորյանի հեղինակությունը․ փաստաբան
Աջակցիր «Ա1+»-ին«Մենք՝ որպես ժողովրդրավարական երկիր, իրավունք չունենք թույլ տալ, որպեսզի ստեղծվի իրավիճակ, երբ դատավոր Դավիթ Գրիգորյանը ոչ իշխանահաճո որոշում է կայացնում, եւ չորս օր հետո, չգիտես որտեղից, հայտնվում է անձ, առավել հիմնավոր փաստարկներ է ներկայացնում, որ նոր երևան եկած հանգամանք պետք է բացահայտեն»։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։
«Այսպիսի խախտումների նկատմամբ պետք է ցուցաբերել անհանդուրժողականություն, որպեսզի այս բացառությունը կանոն չդառնա»,-ասաց նա։
Ըստ Ռուբեն Մելիքյանի՝դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը, դատավորի աշխատասենյակում կատարված քննչական գործողությունների ընթացքում օրենքի կոպիտ խախտումները կարևորագույն կարմիր գծեր հատող իրավիճակ են։
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քննչական գործողություններ էր իրականացրել։ Դատավորը մայիսի 18-ին որոշում կայացրեց, որով Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոփոխվեց Արցախի գործող եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ: Իսկ մայիսի 20-ին Գրիգորյանը որոշեց սույն գործի վարույթը կասեցնել եւ գործը ուղարկել Սահմանադրական դատարան՝ Քոչարյանին եւ մյուսներին առաջադրված ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի՝ (սահմանադրական կարգը տապալելը) սահմանադրականության հարցը պարզելու հիմքով:
Դավիթ Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանն էլ նշեց, որ իրենք բողոքարկել են խուզարկության, առգրավման որոշումները, դրանց իրականացման իրավաչափությունը։
«Դատավորի նկատմամբ կարելի է քրեական հետապնդում իրականացնել բացառապես ԲԴԽ համաձայնությամբ, ինչը չի եղել, հետևաբար՝ հարուցման որոշումը դատավորի իրավունքների խախտումով է ընդունված։ Այդ հիմքով պահանջել ենք վերացնել քրեական գործի հարուցման որոշումը։ Բացի այս խախտումների վերացումից, պետք է ապահովվի դատավորի և նրա անկախության նկատմամբ հարգանքը։ Այնինչ, հիմա նրա հեղինակությունն է ոտնահարվում»,-ասաց փաստաբանը։