Սեւանի աղտոտվածությունը դեռ ամբողջովին չի մաքրվել. Յուրի Ջավադյան
Աջակցիր «Ա1+»-ինՀանրային խորհուրդը լիագումար նիստ է անցկացնում: Օրակարգում բազմաթիվ հարցեր են, այդ թվում՝ Սևանա լճում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերը, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ կապված վտանգները և կոնվենցիայի համապատասխանությունը Հայաստանի Սահմանադրությանը:
Գիտությունների ազգային ակադեմիայի Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ , Հանրային խորհրդի անդամ Յուրի Ջավադյանը նշեց, որ Սևանա լճի տարածքում 10 մաքրող կայան կա, թեև, ըստ նրա, պետք է լիներ 300-ը:
«Այս ծաղկման շրջանում ուսումնասիրեցինք և տեսանք, որ այդ տարածքում գրեթե ծաղկում չկա: Այսինքն՝ այստեղից եզրակացություն, որ մենք պետք է լիովին ապահովենք բոլորին, որպեսզի ունենան իրենց սեփական միջոցների հաշվին տեղակայված փոքր մաքրման կայաններ», - ասաց նա:
Յուրի Ջավադյանը տեղեկացրեց, որ ծրագիր են ներկայացրել թե՛ կառավարությանը, թե՛ խորհրդարանին, ըստ որի՝ կարելի է Սևանա լճի խնդրիը լուծել:
«Ճապոնիայի մեր մասնագետներից մեկը բերել էր մի նյութ,որը հնարավորություն ուներ իրենց լճերը մաքրել նման տիպի ծաղկումներից: Այդ նյութերի մեծ արտադրություն ունենք , մոտ 50 տեսակ, որից 2-3-ով սկսելենք փորձարկումներ, լավ արդյունքներ ենք ստացել, բայց դա սկիզբն է: Մենք նաև պետք է դա փորձարկենք, թե ի՞նչ ազդեցություն կունենա ձկների վրա»,- նկատեց նա:
Հանրային խորհրդի անդամներից մեկը հարցրեց պարոն Ջավադյանին, թե Սևանա լճի ախտորոշումն ի՞նչ է, ինչի ի պատասխան՝ նա ասաց. «Երեկ ես նախարարից լսել եմ, որ ներկայումս ջրի մեջ որևէ թունավորում չկա, բայց ցանկացած ժամանակ, եթե այսպես աղտոտված պահենք, նորից կբարձրանա, որովհետև ֆոնը դեռևս չի փոխվել»։
Իսկ ինչո՞ւ է վերջին օրերին Սևանա լճի ջրի գույնը փիրուզագույն. դա բնական գո՞ւյն է, թե՞ խորքային շերտերում կան շարունակվող պրոցեսներ՝ հարցն ուղղեց խորհրդի անդամ Ստյոպա Սաֆարյանը: «Իմ կարծիքով՝ աղտոտվածությունը դեռ չի մաքրվել ամբողջությամբ, դրա համար էլ արևի փայլից փոփոխվում են գույները, ուրիշ ոչ մի բան չկա», - պատասխանեց պարոն Ջավադյանը: