Ջորջ Բենսոնը Երեւանում է
Աջակցիր «Ա1+»-ինՀամաշխարհային ջազի լեգենդ Ջորջ Բենսոնի երեւանյան միակ համերգին կարող են ներկա գտնվել միայն նրանք, որոնք կկարողանան ձեռք բերել բավականին թանկ տոմսերը: Դրանք վաճառվում են 40-100 հազար դրամով: Մինչ այս պահը չիրացված տոմսերը վաճառվելու են համերգից մեկ ժամ առաջ` 18:00-ին:
Լրագրողների հետ հանդիպմանը ջազի լեգենդար երաժիշտ, երգիչ, կիթառահար Ջորջ Բենսոնը միայն մի շատ կարճ տող երգեց:
«Ժամը շուտ է երգելու համար»,- ավելացրեց ջազ երաժիշտը: Ի դեպ, լրագրողների հետ հանդիպումը խիստ կարճ էր` 20-30 րոպե, դրանից ավելի հարցուպատասխանն արգելված էր:
Այնուամենայնիվ, լեգենդար երաժշտի հետ հանդիպումն անցան շատ ջերմ մթնոլորտում, որի ժամանակ բոլորն ամեն կերպ փորձում էին իրենց սերն արտահայտել մեծ երաժշտի արվեստի նկատմամբ: Ջազի լեգենդը Երեւանում է «21 հեռանկարներ» միջազգային փառատոնի շրջանակներում` ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ:
Ճիշտ է, Հայաստանի մասին մեծ երաժիշտը այնքան էլ տեղեկացված չէր, եւ ինչպես ինքն ասաց` «առաջին անգամն է լինում այս կողմերում», բայց. «Ձեր կողմերից Ամերիկայում ծանոթներ, բարեկամներ ունեմ: Ընկերներիցս մեկը, երբ արդեն Հայաստանում էի, զանգեց ասաց, թե իմ երկրում ի՞նչ գործ ունես: Թե չէ չգիտեր էլի»:
Ջորջ Բենսոնին հիացրել են ջազի հայ կատարողները, սակայն ակնկալում է նաեւ հայ հանդիսատեսին ցույց տալ, թե ինքն ու իր երաժիշտներն ինչի են ընդունակ: «Համերգին խառը երաժշտություն է լինելու, որ բոլորս վայելենք: Առաջին նպատակս դա է»,- նշեց նա: Քանի որ ջազը մյուս երաժշտություններից տարբերվում է իմպրովիզացիայով, դա երաժշտի ասելով` իրեն թույլ է տալիս ամեն պահ նախորդ անգամից լրիվ տարբեր լինել: «Դրա համար ջազը միշտ թարմ է, ավելի կատարելագործվելու նոր հնարավորություններ է ընձեռում: Միշտ կարող ես երեկվանից ինքդ քեզ գերազանցել եւ ամեն անգամ նույն պատմությունը շարադրել տարբեր տեսանկյուններից ու ձեւերով»,- իր արվեստն այսպես բնորոշեց ջազի լեգենդը:
Ի դեպ, Ջորջ Բենսոնը Հայաստան է եկել իր 7 տղաներից մեկի հետ, որը դաշնակահար է: Իսկ մեծ երաժշտի ոգեւորության ու ներշնչանքի աղբյուրն իր 8 թոռնուհիներն են: