Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0130709
A A
Հասարակություն

Զոհրաբ Մնացականյանը կհանդիպի Արցախի իշխանությունների հետ (տեսանյութ)

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը վաղը՝ հուլիսի 4-ին, աշխատանքային այցով մեկնելու է Արցախ: Այս մասին այսօր հրավիրված ճեպազրույցում հայտնեց նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: 

Արցախի իշխանությունների հետ հանդիպմանը Զոհրաբ Մնացականյանը նրանց կներկայացնի Վաշինգտոնում իր և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման մանրամասները:

«Այցի շրջանակում նախարարը հանդիպելու է Արցախի նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի, ինչպես նա Պարգև սրբազանի հետ: Այցի շրջանակում տեղի են ունենալու նաև այլ միջոցառումներ: Եթե նկատել եք, սա կանոնավոր գործառույթ է, որը մշտապես իրականացվում է Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից առաջ կամ հետո»,- ասաց Աննա Նաղդալյանը:

Խոսնակը, անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե Ադրբեջանը պատրաստվում է Ֆրանսիայից զենք գնել, նշում է, որ ռազմարդյունաբերական ոլորտում Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերությունները մշտապես հայկական կողմի ուշադրության կենտրոնում են: 

«Դեռևս փետրվարի 5-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող կոմիտեի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ նախագահ  Էմանուել Մակրոնը նշել էր, որ Ֆրանսիան, ի տարբերություն այլ պետությունների, միակ երկիրն է, որը խստորեն պահպանում է էմբարգոյի իր պարտականությունները, և որ Ֆրանսիան երբևէ Ադրբեջանին չի վաճառի այնպիսի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում»,- ընդգծեց Աննա Նաղդալյանը՝ հավելելով, որ կարևոր է, որպեսզի Ֆրանսիան հետամուտ լինի այս հարցում և ձեռնպահ մնա Ադրբեջանի հետ որևէ համագործակցությունից, որը կարող է խաթարել տարածաշրջանում ռազմական հավասարակշվածությունը:

Աննա Նաղդալյանը նաև անդրադարձավ  հունիսի 28-ին Հայաստանի նախաձեռնությամբ  մարտի 16-ին ապօրինաբար Հայաստանի սահմանը հատած Ադրբեջանի քաղաքացու հանձնմանը Բաքվին:

«Սա, ինչպես ոմանք են ներկայացնում, փոխանակում չէ, սա եղել է Հայաստանի նախաձեռնությունը՝ միջազգային մարդասիրական նորմերից ելնելով։ Այս նախաձեռնությանը Հայաստանը գնացել է առանց որևէ նախապայմանի»,- ընդգծեց Աննա Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ նույն օրը Ադրբեջանի իշխանությունները Հայաստանի Կարմիր Խաչի   միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին և Հայաստանի իշխանություններին են

փոխանցել 2017 թվականին չբացահայտված հանգամանքներում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանին: