Դատարանը վերացրել է ակտ, որը ենթակա չէ բողոքարկման. Քոչարյանի փաստաբաններ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՌոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամներ Հովհաննես Խուդոյանը եւ Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձան իրենց պաշտպանյալի գործով Վերաքննիչ քրեական դատարանի կողմից կայացրած դատական ակտերին։
Որոշումները կատարվել են դատավարական նորմերի խախտումներով, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի՝ Քոչարյանի գործով կատարած որոշմանը՝ ասաց Հովհաննես Խուդոյանը։
Նրա խոսքով՝ Վերաքննիչ դատարանը նույնիսկ գործը ետ չի ուղարկել Առաջին ատյանի դատարան։
Օրբելյանը նշեց, որ այս գործի շրջանակներում փորձում են կապ հաստատել Առաջին ատյանի դատարանի աշխատակազմի հետ, սակայն չեն կարողանում։
«Դատարանը վերացրել է ակտ, որը ենթակա չէ բողոքարկման», - շեշտեց փաստաբանը՝ հավելելով, որ փորձել են ճշտել, թե արդյո՞ք եղել է, որ Արմեն Դանիելյանի դատավարությունների ժամանակ երբևէ կողմերից մեկը զրկվի դիրքորոշում հայտնելուց, սակայն այդպիսի նախադեպ չեն գտել։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը բավարարել էր մեղադրող կողմի, «Մարտի 1»-ի զոհերի ու տուժողի ներկայացուցիչների բողոքը՝ Քոչարյանին երաշխավորությամբ ազատ արձակելու, գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:
Բողոքը քննող դատավոր Արմեն Դանիելյանը բավարարել էր այն։