Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled collage
A A
Հասարակություն

Իրավունքի հետքերով #12 Աբովյան ՔԿՀ-ն հարմարեցված չէ կանանց և անչափասների հատուկ կարիքների համար (տեսանյութ)

Աբովյան ՔԿՀ-ի շենքերը, շինությունները, զբոսանքի վայրերը, կրթական կենտրոնները չեն համապատասխանում սահմանված միջազգային չափանիշներին։ Խցերում տաք ջուր չկա, կանայք շաբաթը մեկ անգամ են հնարավորություն ունենում լոգանք ընդունել։ Կա սանհանգույցների վերանորոգման խնդիր, ջրահեռացման համակարգը հաճախ է խափանվում և կոյուղաջրերը բակ են լցվում։

Կանանց ամսական մեկ անգամ տրվում են հիգիենիկ պարագաներ, սակայն դրանք չեն բավարարում, հատկապես հետծննդյան շրջանում գտնվող կանանց, ովքեր ունեն հավելյալ խնամքի կարիք։ Մոր հետ ՔԿՀ-ում գտնվող մինչև 3 տարեկան երեխաների համար օրենքով նախատեսված են հավելյալ զբոսանքներ, սակայն այդ վանդակապատ փոքրիկ տարածքները ևս չեն համապատասխանում միջազգային չափանիշներին։

Դատապարտյալ կանայք դրանք հավաբուն են անվանում։ Ներկայումս ՔԿՀ-ում կա մեկ կին, որը ունի մանկահասակ երեխա, սակայն դիտորդական խումբը, քննիչի արգելանքի պատճառով, արդեն 2 տարի է՝ չի կարողանում այցելել ու դիտարկել երեխայի և մոր պահման պայմանները։

Ըստ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» ներկայացուցիչ, և քրեակատարողական հիմնարկներում դիտորդություն իրականացնող խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանի՝ այստեղ բժշկական ծառայություններն ավելի հասանելի են, քան Նուբարաշեն ՔԿՀ-ում, բայց շատ առողջական խնդիրներ ցանկալի է լուծել կրթական, զբաղվածության և պահման պայմանների բարելավման միջոցով, քան բժշկական միջամտությամբ։ Մանրամասները՝ տեսանյութում։