Սերժ Սարգսյանի հետ ունեցել եմ շատ լավ հարաբերություններ. Լևոն Յոլյան
Աջակցիր «Ա1+»-ինՀաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը այսօր Ազգային ժողովում լրագրողներին ներկայացրեց 2018թ. տարեկան հաղորդումը և անդրադարձավ երեկ իր շուրջ տարածված տեղեկություններին, թե ինքը նախկին իշխանությունների մտերիմն է և ասոցացվում է նրանց հետ: Լևոն Յոլյանը չժխտեց, որ նախկին իշխանությունների ներկայացուցիչների հետ լավ հարաբերություններ է ունեցել:
«Ես Արմեն Դարբինյանի, Անդրանիկ Մարգարյանի հետ ունեցել եմ շատ լավ հարաբերություններ, Ռոբերտ Քոչարյանի հետ չեմ ունեցել, քանի որ առիթ չի եղել: Սերժ Սարգսյանի հետ ունեցել եմ շատ լավ հարաբերութուններ: Իմ հաջողությունները պայմանավորված են ինձնով»,- պարզաբանեց Լևոն Յոլյանը:
Ազգային ժողովում երեկ՝ հունիսի 24-ին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը նշել էր, որ Լևոն Յոլյանի կինը ծրագրել էր Գեղարքունիքի մարզում ոսկու արդյունահանմամբ զբաղվել: Ի պատասխան պատգամավորի այս հայտարարության՝ Յոլյանն ասաց, որ նման մտադրություն չի եղել իր ընտանիքում:
«Հանքի շահագործման հետ կապված՝ երբևիցե ո՛չ ես, ո՛չ ինձ հարազատ մարդիկ ոչ մի առնչություն չենք ունեցել»,- ասաց Հաշվեքննիչ պալատի նախագահը:
Լևոն Յոլյանը կրկին վերահաստատեց, որ հրաժարական չի տալու, մինչև հարմար գտնի, որ անելիք չունի այդ պաշտոնում: