Գործազուրկները փակել են դեպի Թեղուտ ճանապարհը. ընկերությունը պատժել է աշխատողներին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԼոռու մարզի Շնող-Քարկոպ-Թեղուտ խոշորացված համայնքների բնակիչները այսօր վաղ առավոտից ի նշան բողոքի փակել են Թեղուտ գյուղ և «Թեղուտ» ՓԲԸ տանող ճանապարհները: Նրանք պահանջել են, որպեսզի «Թեղուտ» ընկերությունը առաջնահերթություն տա իրենց աշխատանքի ընդունելու հարցին:
Հակառակ ընկերության դեմ բողոքի ակցիա անողների՝ «Թեղուտ» ՓԲԸ-ի ղեկավարությունը տուն է ուղարկել ընկերության աշխատողներին՝ պատճառաբանելով, թե՝ գնացեք, ձեր համագյուղացիներին ասեք, որ չբողոքեն, և մինչև ցույցը չդադարի, գործի չգաք: Ընկերության աշխատակիցներին նաև տեղեկացրել են, որ օրավարձերը չեն տալու: Աշխատակիցները ստիպված են եղել տուն գնալ:
Դեպքի վայր է ժամանել նաև Շնող-Քարկոպ-Թեղուտ խոշորացված համայնքների ղեկավար Դավիթ Ղումաշյանը: «Ա1+»-ի հետ զրույցում Դավիթ Ղումաշյանն ասաց, որ բնակիչներին հորդորել է ակցիաները դադարեցնել, որովհետև իր խոսքով՝ դա հարցի լուծում չէ։ Նա խոստացել է, որ հետամուտ կլինի նրանց բողոքին և կհանդիպի ընկերության ղեկավարության հետ:
Դավիթ Ղումաշյանից հետաքրքվեցինք, թե երբ հանդիպումը կկայանա, սակայն նա ժամկետներ չնշեց:
Այս պահին ցուցարարները ճանապարհները բացել են, բայց հայտարարել են, որ երկուշաբթի կրկին ցույց են անելու: