Անցած տարիների ընթացքում ԵԱՏՄ-ն ապացուցեց իր կայացված լինելը. ԱԳ նախարար
Աջակցիր «Ա1+»-ինԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով խորհրդարանական լսումներին, ինչպես նաեւ պատասխանել հարցերի։
Իր ելույթում նա նշել է,որ ուշագրավ է, որ այս լսումներին հրավիրված են մեր գործընկեր երկրների, պետությունների ներկայացուցիչները, դեսպանները:
«Արտգործնախարարության անունից ևս ցանկանում եմ ողջունել այս նախաձեռնությունը, որը հնարավորություն է տալիս մեր հասարակական քննարկումների ավանդույթները կենտրոնացնել մեր արտաքին քաղաքականության և մեր ընդհանուր տնտեսական և զարգացման քաղաքականության օրակարգում շատ կարևոր ուղղության վրա, որը Եվրասիական տնտեսական միությունն է:
2014թ. մայիսի 29-ին ստորագրվեց Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը, որի 5-րդ տարեդարձը նշվեց այս տարի: Ընդհանուր առմամբ անցած տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունն ապացուցեց իր կայացված լինելը, հիմնական տնտեսական ցուցանիշներում արձանագրվեց դրական դինամիկա, եվրասիական ինտեգրման բազմաթիվ ուղղություններով կայացվեցին կարևոր որոշումներ: ԵԱՏՄ անդամ երկրների համար եվրասիական ինտեգրացիան առաջնային ուղղություն է, որը թույլ է տալիս բարելավել տնտեսվարման պայմանները բիզնեսի համար, ուժեղացնել համագործակցությունը գործընկերների հետ և ստեղծել նոր հնարավորություններ ինտեգրացիոն միության տնտեսական ներուժի իրագործման համար: Եվրասիական տնտեսական միությունը, չնայած առաջին տարիների դժվարություններին, ներկայումս ցույց է տալիս փոխադարձ առևտրի համոզիչ աճ: Այսպես՝ 2018թ. ԵԱՏՄ երկրներում գրանցվել է տնտեսական ցուցանիշների էական աճ. 2017թ. համեմատ ներքին առևտուրն աճել է 9,2%-ով, երրորդ երկրների հետ՝ 18,8%-ով, ապրանքների արտահանումը՝ 26,8%-ով: Անցած տարիների ընթացքում Միության անդամ երկրները արել են ընդհանուր գործ՝ նպատակ հետապնդելով կյանքի կոչել նորարարական, ամբիցիոզ, և առաջնային ծրագրեր, որի ժամանակ տեղի են ունեցել Միության անդամ բոլոր երկրների դիրքորոշումների համադրում, և կայացվել են փոխադարձ ընդունելի որոշումներ:
2019 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունը ստանձնեց Եվրասիական տնտեսական միության մարմինների` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահությունը: Հայաստանի նախագահությունը համընկավ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-րդ տարեդարձի հետ: Միությանն անդամակցությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունն ակտիվորեն մասնակցել է տնտեսական ինտեգրման խորացման, պետությունների միջև համագործակցության ապահովման, նրանց տնտեսական ներուժի բացահայտման և իրացման, նախանշված ծրագրերի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Ստանձնելով նախագահությունը Միության մարմիններում՝ Հայաստանը հնարավորություն ստացավ ոչ միայն ազդել կառույցի օրակարգի ձևավորման վրա, այլև առաջ մղել Հայաստանի առաջնահերթությունները, լինելով ավելի նախաձեռնող՝ նպաստել ինչպես կառույցի զարգացմանը, այնպես էլ դրա միջոցով ընդլայնել Հայաստանի հնարավորությունները: ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանը 2019թ. հունվարի 25-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում ներկայացրեց Հայաստանի նախագահության առաջնահերթությունները ԵԱՏՄ-ում, որոնք են՝ «Թվային օրակարգը», ընդհանուր էլեկտրաէներգետիկ և նավթի, նավթամթերքի և գազի միասնական շուկաների ձևավորումը, տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացումն ու դիվերսիֆիկացումը, ապրանքների ու բեռների համար ժամանակակից հետագծելիության համակարգերի ներդրումը, ԵԱՏՄ անդամ պետությունների կարգավորումների և կանոնակարգերի ներդաշնակեցումը, նորմատիվ-իրավական բազայի կատարելագործումը, ԵԱՏՄ ապրանքների արտաքին շուկաներ դուրս բերմանն ուղղված միասնական ջանքերը, ԵԱՏՄ-ում առկա խոչընդոտների և սահմանափակումների վերացումը, երրորդ երկրների և միությունների հետ ԵԱՏՄ առևտրատնտեսական հարաբերությունների զարագացումը: Կանգ առնելով մի քանի առաջնահերթության վրա՝ ցանկանում եմ ընդգծել հետևյալը.
- Անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերը, որոնք ուղղված են համաձայնեցված էներգետիկ քաղաքականության իրականացմանը և էներգետիկ ռեսուրսների համար ոչ խտրական հիմքի վրա գնագոյացման զգայուն հարցի լուծմանը, ինչպես նաև դրանց տարանցիկ փոխադրմանը անդամ երկրների տարածքներով, այդ թվում՝ հաշվի առնելով տարանցիկ բաղադրիչները;
- Գլոբալիզացիայի պայմաններում օրակարգային է դարձել տնտեսության թվայնացման հարցը, որը կանխորոշում է բիզնեսի զարգացման հնարավորությունները և մեր Միության ապագան: Այս համատեքստում «Թվային օրակարգը» պետք է դառնա միության կատարելագործման, դրա արդյունավետության ու գրավչության բարձրացման, վարչարարական, մաքսային և առևտրային խոչընդոտների վերացման հիմնական գործիքներից մեկը: «Թվային օրակարգի» իրագործման շրջանակներում անհրաժեշտ է խթանել ինտեգրացիոն գործընթացների խորացմանը և անդամ պետությունների տնտեսությունների ու քաղաքացիների համար ուղղակի օգուտներ ստանալուն ուղղված նախաձեռնությունները, ինչպիսիք են միության անդամ պետություններում էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի ներդրումը, էլեկտրոնային աշխատանքային շուկայի և նմանատիպ այլ հարթակների ստեղծումը;
- Շնորհիվ Հայաստանի Հանրապետության՝ լրացուցիչ խթան է ստացել Միության արտաքին տնտեսական բաղադրիչի զարգացումը: Իրանի հետ Հայաստանի տնտեսական և քաղաքական կապերը պայմաններ ստեղծեցին Միության համար դուրս գալ Մերձավոր Արևելքի տարածաշրջան, որի արդյունքում 2018թ. մայիսի 17-ին Աստանայում կնքվեց Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների՝ մի կողմից և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրի մասին համաձայնագիրը: Համաձայնագիրը կնքվել է երեք տարի ժամկետով, որի ընթացքում կողմերը պետք է համաձայնության գան ազատ առևտրի գոտու մասին լիարժեք համաձայնագրի մասին: Այն ներմուծման մաքսատուրքերի նվազեցում կամ զրոյականացում է նախատեսում ապրանքների բավականին լայն շրջանակի համար: Համաձայնագրի իրականացումը թույլ կտա զգալիորեն բարձրացնել փոխադարձ առևտրի ծավալը: Իրանի և Չինաստանի հետ համապատասխան համաձայնագրերի իրականացումը, ինչպես նաև Սինգապուրի, Սերբիայի, Եգիպտոսի, Իսրայելի և Հնդկաստանի հետ բանակցությունների ավարտը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ միության՝ համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրման գործընթացի համար»,- նշել է նա:
Ամբողջական ելույթը եւ հարցերի պատասխանները՝ ԱԳՆ պաշտոնական կայքում