Լողալու համար չնախատեսված ջրավազաններում թույլ չտալ երեխաներին լողալ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍրտանոթային խնդիրներ ունեցող անձանց մոտ ամառային շոգի պատճառով օրգանիզմում ջերմակարգավորման համակարգը կարող է խաթարվել։ Նման խնդիրներ ունեցող անձանց խորհուրդ է տրվում հեղուկի սահմանափակում, սակայն շոգ եղանակին հիվանդը պետք է բժշկի հետ քննարկելով հասկանա, թե ինչպես հեղուկի ծավալները մեծացնի. նշում է Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զեյնալյանը։
Սրտաբանի խոսքով առողջ օրգանիզմը շոգ եղանակին ունի կոմպենսատոր ունակություններ և կարողանում է պաշտպանվել, սակայն եթե սովորական ջերմաստիճանում յուրաքանչյուր կգ-ի համար պետք է օգտագործել 30 մլլ ջուր,ապա ամառվա ամիսներին, այն պետք է ավելացնել 2-ից 3անգամ։
ՀՀ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը նշում է, որ շոգ օրերը հնարավորինս թեթև անցկացնելու համար, պետք է հետևել պարզ և գործնական խորհուրդներին։
Մասնագետը խորհուրդ է տալիս 12։00- ից 17։00-ը ընկած ժամերին խուսափել արևի ճառագայթներից։ Տանից դուրս գալուց կրել գլխարկ, ակնոց, որպեսզի պաշտպանվի աչքի եղջերաթաղանթը և հագնել բաց գույնի և բնական կտորներից կարված օդափոխություն ընձեռող հագուստ։
«Շոգ եղանակին պետք է առավել ուշադրություն դարձնել սննդին։ Պետք է օգտագործել թեթև սնունդ, իսկ հիմնական սնունդը ընդունել օրվա զով ժամերին։ Քանի որ ամառը հանդիսանում է մրգի և բանջարեղենի առատ շրջան, այն օգտագործումը անհրաժեշտ է օրգանիզմին, սակայն պետք է միրգն ու բանջարեղենը լվանալ առավել մանրակրկիտ»։
Մասնագետը ծնողներին խորհուրդ է տալիս երեխաներին չթույլատրել լողալ լողալու համար չնախատեսված դեկորատիվ ջրավազաններում, առուներում, քանի որ այդ տարածքներում չկան հիգիենիկ պայմաններ։ Ինչպես նաև երեխաներին չթողնել փակ մեքենաներում և տարածքներում։