«Դիլիջան Ազգային Պարկ»-ում անտառահատումների գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 20 պաշտոնատար անձ.
Աջակցիր «Ա1+»-ինԱպօրինի անտառահատումների և այս ոլորտում անտառների պահպանության համար
պատասսխանատվություն կրող պաշտոնատար անձանց ներգրավմամբ կատարվող
կոռուպցիոն հանցավոր մեխանիզմներն արմատախիլ անելու, նման
հանցագործություններ կատարած անձանց արարքներին համարժեք քրեաիրավական
գնահատականներ տալու և պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ իրավապահ
մարմինների համագործակցված և արդյունավետ պայքարը շարունակվում է:
Մասնավորապես «Դիլիջան Ազգային Պարկ»-ի տարածքում ապօրինի
անտառահատումների բազմաթիվ դեպքերի բացահայտման արդյունքում բավարար
ապացույցների հիման վրա տարատեսակ կոռուպցիոն չարաշահումներ կատարելու
համար մեղադրանք է առաջադրվել անտառային ֆոնդի պահպանության
լիազորություններով օժտված 20 պաշտոնատար անձանց:
Ինչպես բազմիցս տեղեկացվել է, «Դիլիջան Ազգային Պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին»
տեղամասի 6-րդ պահաբաժնում ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ 2017թ.
ապրիլի 18-ին ՀՀ Տավուշի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի
296-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, որով
նախաքննությունը հանձնարարվել էր ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության
գլխավոր վարչությանը:
Նախաքննության շրջանակներում ՀՀ ոստիկանության, ազգային անվտանգության
ծառայության և քննչական մարմնի կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների
արդյունքում բացահայտվել են 2016-2018թթ. ընթացքում «Դիլիջան Ազգային Պարկ»
ՊՈԱԿ-ի տարածքում ապօրինի անտառահատումների բազմաթիվ այլ դեպքեր, որոնցով
հարուցվել են քրեական գործեր և միացվել վերոնշյալ քրեական գործին:
Քննչական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության և ՀՀ ազգային
անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական
բազմածավալ միջոցառումների, դրանց նկատմամբ պատշաճ դատախազական հսկողության
արդյունքում պարզվել է, որ նշված ապօրինի անտառահատումները տեղի են ունեցել
«Դիլիջան Ազգային Պարկ» ՊՈԱԿ-ի ղեկավար անձնակազմի, անտառապետերի,
անտառապահների կողմից՝ իրենց պաշտոնեական լիազորություններն անցնելու,
ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի, անտառահատման
դեպքերը բացահայտելու, սահմանված ընթացակարգերը, իրենց պարտականությունները
պատշաճ չիրականացնելու միջոցով: Մասնավորապես ապօրինի ծառահատումներ
կատարված լինելու պայմաններում կազմվել են անտառային ֆոնդի պահապատասխան
պահաբաժինների ընդունման-հանձնման կեղծ արձանագրություններ, ինչպես նաև
ապօրինի ծառահատումների փաստերը թաքցնելու նպատակով չեն արձանագրվել
ապօրինի հատված ծառերի կոճղերը:
Դիլիջան ազգային պարկ ՊՈԱԿ-ի անտառային տարածքներում իրականացված
ապօրինի ծառահատումների, ինչպես նաև տվյալ անտառտնտեսության գործունեության
ընթացքում պետական ծառայության դեմ ուղղված վերոնշյալ հանցագործությունները
կատարելու համար որպես մեղադրյալ է ներգարվվել թվով 20 անձ, այդ թվում՝
անտառտնտեսության տնօրենի մեկ տեղակալ, 2 անտառապետ, տարբեր տեղամասերի 17
անտառապահ: Նրանց բոլորին առաջադրվել են մեղադրանքներ պաշտոնեական
լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծքիներ, պաշտոնեական
անփութություն կատարելու համար:
Պարզվել է, որ նշված սխեմատիկ կոռուպցիոն հանցավոր դրսևորումների, ապօրինի
ծառահատումների արդյունքում պետությանը պատճառված վնասը կազմում է շուրջ
1.6 մլրդ դրամ:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են բոլոր
անհրաժեշտ միջոցները՝ պետությանը հասցված վնասը վերականգնելու ուղղությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է
անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀքրեական
դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ
մտած դատավճռով:
ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին