Ապրիլին ունենք 9.2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ. Նիկոլ Փաշինյան
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է տնտեսական ցուցանիշներին:
«Մայիսի 27-ին Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ապրիլ ամսվա մակրոտնտեսական ցուցանիշները, և պետք է արձանագրել, որ առաջին չորս ամսվա տվյալներով Հայաստանում տնտեսական իրավիճակի զարգացումը տեղի է ունենում դրական և լավատեսական դինամիկայով: Ըստ հրապարակված տվյալների՝ ապրիլին ունենք 9.2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ: Եվ եթե այս ցուցանիշը համադրում ենք առաջին եռամսյակի արդեն ամփոփված տվյալների հետ, համախառն ներքին արդյունքի 7.1 տոկոս աճ են ունենում: Սա մեզ հիմք է տալիս ասելու, որ տնտեսությունն ունի լավ տրամադրություն, և մեր խնդիրն է, ինչպես և նախանշել ենք, հասցեական ճշգրիտ կապիտալ ծախսերի միջոցով խթանել այդ լավ տրամադրությունը և, ի վերջո, կարողանալ ավելի լավ ցուցանիշների հասնել:
Ուզում եմ մի քանի կարևոր ցուցանիշներ ընդգծել: Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 13.2 տոկոսով: Շինարարության ոլորտում, իհարկե, աճն ավելի քիչ է, քան մենք սպասում էինք կամ ցանկանում ենք, բայց համոզված եմ, որ այս ցուցանիշները կլավանան: Ինչու եմ համոզված, որովհետև հիպոթեկային շուկայում տիրող իրավիճակն անխուսափելիորեն բերելու է այդ արդյունքի: Մենք հիմա, կարծում եմ, ճիշտ քաղաքականություն ենք վարում, երբ շինարարական նախագծերը կամ հիպոթեկային ծրագրերը չենք կապում կոնկրետ շինարարի և կոնկրետ ծրագրի հետ: Այսինքն՝ մենք շուկան թողնում ենք ինքնակարգավորման դաշտում և բնակարանների պահանջարկի ավելացմանը զուգընթաց, համոզված եմ, որ շինարարության ոլորտում ակտիվությունը շատ ավելի շոշափելի կլինի, չնայած առաջին եռամսյակում այդ շոշափելի տեղաշարժերը մենք, այնուամենայնիվ, որոշակի տեսել ենք: Առևտրի շրջանառությունն ավելացել է 9 տոկոսով, ծառայությունների ծավալն ավելացել է 16.2 տոկոսով: Անկեղծ ասած, այս ցուցանիշների մեջ ամենաուրախալի ցուցանիշներից մեկը արտահանման ծավալների աճն է: Երևի մեկ ամիս առաջ մենք աշխատանքային քննարկում ունեցանք ինձ մոտ արտահանման իրավիճակի հետ կապված որոշակի մտահոգիչ միտումներ կային: Մանրամասն քննարկեցինք իրավիճակը, և ուրախ եմ, որ ապրիլին արդեն 9.9 տոկոսի աճ ենք մենք արձանագրել: Նաև միջին անվանական ամսական աշխատավարձերի աճի որոշակի դրական դինամիկա ունենք, և կարծում եմ՝ այս դինամիկան, առաջիկայում սպասվող և կանխատեսվող, այսինքն հայտարարված որոշումների համատեքստում ավելի դրական կդառնա: Եվ մենք հույս ունենք նաև, որ կառավարության վարած քաղաքականության արդյունքում աշխատավարձի աճի այս դինամիկան կնկատվի ավելի շոշափելի նաև մասնավոր հատվածում: Եվ սա պետք է առաջիկա ժամանակաշրջանի համար լինի մեր առանցքային խնդիրներից մեկը»,-ասել է կառավարության ղեկավարը:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է տնտեսական հիմնական ցուցանիշները և նշել, որ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալն աճել է 14.7 տոկոսով։ Մասնավորապես, ծխախոտի արտադրանքի արտահանման ծավալները ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ աճել է 60 տոկոսով, ոսկերչական արտադրանքի առաջին չորս ամիսների արտահանումը կազմել է 14 մլն ԱՄՆ դոլար. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արտահանման աճը կազմել է 68 տոկոս, շոկոլադի արտադրանքի արտահանումը չորս ամսում կազմել է 5 մլն դոլար՝ արտահանման ծավալն աճել է 34 տոկոսով։ Գինու արտահանման ծավալների աճը ընթացիկ տարվա առաջին 4 ամսում նախորդ տարվա չորս ամիսների համեմատ կազմել է 11 տոկոս։ Առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ Կեցության և հանրային սննդի հետ կապված ծառայությունների աճը կազմել է 23.5 տոկոս: Ֆինանսական և ապահովագրական ծառայություններն աճել են 20 տոկոսով։ Կապիտալ բնույթի ապրանքների ներմուծման աճը ապրիլին կազմել է 12.7 տոկոս։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ներկայացված տվյալներն ավելի ամրապնդեցին տնտեսության լավ տրամադրություն ունենալու մասին հայտարարությունը: «Եվ սա իսկապես շատ լավ նորություն է: Պետք է խոստովանել, նախորդ ամիսներին մենք շատ կենտրոնացած էին տնտեսության վրա և հիմա պետք է, այդ կենտրոնացվածությունը չթուլացնելով, նաև այլ մեզ հայտնի ոլորտներում առկա խնդիրները քայլ առ քայլ լուծենք, որովհետև ամբողջական բարեփոխումները շատ կարևոր են, որպեսզի տնտեսությունը լավ տրամադրությունը փոխակերպի տևական և կայուն զարգացման փուլի, և դա մենք անպայման կանենք»,-ասել է վարչապետը:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը մանրամասներ է ներկայացրել ճանապարհաշինարարության ոլորտում նախատեսվող աշխատանքների վերաբերյալ: «Այն կարևորագույն ճանապարհահատվածները, որոնց նախագծման հետ խնդիրներ են եղել, նախատեսում են մեկ անձի միջոցով նախագծերը պատվիրել։ Այս տարի կունենանք 330 կմ-ից ավելի կնքված ճանապարհահատվածներ, կաշխատենք ավելին անել, սակայն 330 կիլոմետր նախանշվածը ամբողջությամբ կիրականացնենք»,-նշել է փոխնախարարը։
Կառավարության ղեկավարը տնտեսության զարգացման համատեքստում կարևորել է նաև ճանապարհաշինությունը և ընդգծել. «Իհարկե, կապիտալ շինարարության առումով միայն ճանապարհաշինությունը չէ, բայց ճանապարհաշինությունն ունի երկու շատ կարևոր նշանակություն: Առաջինը՝ ենթակառուցվածքների զարգացումն ինքն ակտիվացնում է տնտեսությունը: Կարծում եմ՝ ճանապարհների կառուցումը և լավ վիճակն ունի շատ կարևոր հոգեբանական նշանակություն ընդհանուր առմամբ երկրում մթնոլորտի, մարդկանց տրամադրության վրա: Եվ մենք պետք է իսկապես հնարավորինս արագ տեմպերով, բայց որակի մասին չմոռանալով, հանրապետության ճանապարհները բերենք բարձր մակարդակի»:
Վարչապետ Փաշինյանն այնուհետև անդրադարձել է կառավարության կառուցվածքի վերաբերյալ նոր օրենքի ուժի մեջ մտնելու հարցին:
«Սա, ըստ էության, 17 նախարարության կազմով մեր վերջին նիստն է: Ուզում եմ բոլոր մեր գործընկերներին շնորհակալություն հայտնել այս ընթացքում կատարած աշխատանքի համար։ Նրանց, ովքեր կշարունակեն իրենց աշխատանքը, հաջողություն եմ մաղթում, նրանց, ովքեր չեն շարունակի իրենց աշխատանքը, ուզում եմ շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի համար: Համոզված եմ, որ ճիշտ որոշման արդյունքում մենք ունենալու ենք դրական արդյունքներ, այն առումով, որ մեծանալու է կառավարության աշխատանքի որակը, որից, եկեք խոստովանենք՝ մենք ինքներս էլ գոհ չենք, մեծանալու է կառավարության մոբիլության մակարդակը ու, ի վերջո, նաև պետք է խթան հանդիսանա տնտեսական այն տեսլականի իրականացման համար, որոնք նախանշված են կառավարության ու «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում», - ասել է կառավարության ղեկավարը: