Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Պուտինի նախաձեռնությամբ, Փաշինյանի աջակցությամբ Նազարբաևը դարձավ  պատվավոր նախագահ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետեւում է Ղազախստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին։ Նա  այդ մասին ասել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպմանը։

«Մաղթում եմ Ձեզ հաջողություններ առաջիկայում սպասվող նախագահական ընտրություններում: Վստահ եմ, որ Նուրսուլթան Նազարբաևի նախաձեռնություններն արվում են ի բարօրություն Ղազախստանի և նրա ժողովրդի: Մաղթում եմ ամենայն բարիք Ղազախստանի Հանրապետությանը և ղազախ ժողովրդին»,-ասել է  Նիկոլ  Փաշինյանը։

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նախեւառաջ երախտագիտություն է հայտնել.

«Մենք երախտապարտ ենք Ձեզ` Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի պատվավոր նախագահի կոչում շնորհելու վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության նախագահի նախաձեռնությանն աջակցելու համար»:

Ըստ նրա՝ Հայաստանը շատ մեծ դեր է խաղում ԵԱՏՄ-ում:  Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նաեւ ընդհանրություններ է տեսնում.  «Մենք մեծապես հետաքրքրված ենք շարունակելու ընդլայնել ձեր պետության հետ մեր բարեկամական հարաբերությունները: Մենք մեծ հարգանք ենք տածում ձեր երկրի, ձեր ժողովրդի նկատմամբ, քաջատեղյակ ենք ձեր ժողովրդի պատմությանը, որը սերտորեն միահյուսվում է մեր ժողովրդի պատմությանը: Այդ իսկ պատճառով մենք շատ ընդհանրություններ ունենք»:

Ինչ վերաբերում է կոնկրետ հարցերին, հայկական շուկան գործնականում մեծ հետաքրքրություն է ներկայացնում Ղազխաստանի արդյունաբերության համար:

«Մենք կարող ենք սերտ համագործակցել Ղազախստանի լոգիստիկ հնարավորությունների կիրառման համատեքստում»,-ասել է նա:

Նիկոլ Փաշինյանն էլ է համաձայն, որ այն ներուժը, որ կա այդ ոլորտում, լիարժեք չի իրացվում. «Պետք է շարունակել աշխատել այդ ուղղությամբ, որպեսզի ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների միջև առկա ներուժը լիարժեք ծավալով իրագործվի»:

Ըստ ՀՀ Վարչապետի մամլո ծառայության՝ Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը վերահաստատել են հայ-ղազախական հարաբերությունների հետագա ընդլայնման ու խորացման ուղղությամբ սերտ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը: