Բացել լրահոսը Փակել լրահոսը
61745056_2349507901959587_1781508213397520384_n
A A
Հասարակություն

Եթե գազը պայթի CPS-ը շատ-շատ մի 50000 դոլար կկորցնի, իսկ մենք մեր կյանքը կկորցնենք. Արշակունյաց պողոտայի բնակիչ (տեսանյութ)

Արշակունյաց 270 պողոտայի բնակիչները մտահոգված են, նրանց համոզմամբ իրենց տան հարևանությամբ գործող CPS գազալցակայանը վտանգավոր է իրենց կյանքի և առողջության համար:

Բնակիչների պնդմամբ, ապրիլ ամսին CPS բենզալցակայանը տեղադրել է գազի կաթսաներ, որից հետո նրանք դիմել են տնօրինությանը, սակայն տնօրինությունը իրենց վստահեցրել է, որ կաթսաները չեն շահագործվելու:

Օրեր անց բնակիչները նկատել են, որ կաթսաները  գազով է լցված: Դիմել են ԱԻՆ և ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին, վերջիններս եկել և կաթսաները կապարակնքել են: Սակայն բնակիչները նշում են, որ կաթսաներից մեկը գազալցակայանի կողքի հատվածում հողի մեջ է տեղակայված, որտեղից էլ գազի վաճառք է իրականացվում:

«Քաղաքապետարանը կամ ԱԻՆ-ն  այս տարածքում եղե՞լ են, տեսե՞լ են տնից քանի մետր է հեռու: Առնվազն 100-200 մետր հեռավորության վրա պետք է լինի բենզալցակայանը: Բենզինն ու գազը իրար հետ բոմբ են: CPS-ի տերը  ստեղ չի ապրում, որ գազը պայթի, ինքը շատ -շատ մի 50000 դոլար փող կորցնի, բայց մենք մեր կյանքը կկորցնենք» . անհանգստացած է Արշակունյաց 270 /5 պողոտայի բնակիչ Լավրենտ Ավետիսյանը:

Բնակիչները նշում են, որ տարիներ առաջ  գազալցակայանի տեղում գործել է բենզալցակայան, նրանք նախկինում ևս բողոքել են, սակայն բողոքներն արձագանք չեն ստացել:

Խնդիրը պարզելու համար «Ա1+»-ը դիմեց  ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական  մարմնին,։ Այնտեղ վստահեցրեցին, որ ըստ ուսումնասիրությունների, ստորգետնյա կաթսաների վաճառքը թույլատրվում է, քանի որ այն որևէ վտանգ չի ներկայացնում, իսկ վերգետնյա կաթսաների շահագործումը արգելվել է, քանի որ այն չի համապատասխանել սահմանված նորմերին:

CPS ընկերության պատասխանատու Արա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում, վստահեցրեց, որ ընկերությունն ունի բոլոր համապատասխան փաստաթղթերը՝ գազը վաճառելու համար, իսկ տեսչական մարմնի կողմից կաթսաները կապարակնքելուց հետո գազ չի վաճառվել:

Արա Հովհաննիսյանը վստահ է, որ բարձրացված աղմուկի պատճառն այլ է. «Ժամանակին բնակիչները դիմել են CPS ընկերությանն իրենց բնակարանները վաճառելու համար, սակայն ընկերությունը նրանց առաջարկած գումարով չի համաձայնվել բնակարանները գնել: Հիմա  բողոքելով, ցանկանում են իրենց բնակարանների գինը բարձրացնել: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ գազալցակայանի առկայությունը վտանգավոր է առողջությանը, ապա դա վտանգավոր է այնքան, որքան մեքենա վարելը կամ տանը դանակ ունենալը»: