Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. 28-ը մայիսի. Մարտի 1-ի վկաները հրաժարվում են իրենց նախաքննական ցուցմունքներից (տեսանյութ)

1996-ի մայիսի 28-ին Պետական տոների մասին օրենքի ընդունումից հետո առաջին անգամ Հայաստանը նշում էր Առաջին Հանրապետության անկախության օրը։ 

1998-ի մայիսի 28-ին առաջին հանրապետության վարչապետ Արամ Մանուկյանի դուստրը՝ Սեդա Մանուկյանը հիշում է, թե ինչպես էին խորհրդային անվտանգության գործակալները մորը ստիպում լրտեսել Սփյուռքում գործող Դաշնակցության գործիչներին։ Մայրը չի համաձայնվել։

 2001-ի մայիսի 28-ին Սարդարապատում պետության առաջին դեմքերն իմաստավորում են առաջին հանրապետության երկու տարին։ Ռոբերտ Քոչարյան ասում է, որ անկախանալու ձգտումը ձեւավորվել է առաջին հանրապետության տարիներին։ Երրորդ հանրապետությունն, ըստ Քոչարյանի, անկախությունից 10 տարի հետո էլ դեռ կայանալու տեղ ունի։

2007-ի մարտի 27-ի լույս 28-ի գիշերը հրդեհվում է ՀԺԿ-ի Ալավերդու տարածքային կազմակերպության քարտուղարի բնակարանի դուռը։ «Բերել են դիտավորյալ պակրիշկա են դրել, վառել են, սալյարկա են լցրել դռանս վրա, վառել են», - ասում է Լարիսա Փարեմուզյանը, ով մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու էր թիվ 31 ընտրատարածքում:

2008-ի այս օրը Սարդարապատում Երրորդ Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր կողմնակիցներին կոչ է անում կանգնել մինչեւ վերջ։ «Չպիտի հոգնեք։ Պետք է պայքարեք այնքան ժամանակ, մինչեւ հասնեք նպատակին: Սա իմ խնդիրը չէ: Բացարձակապես իմ խնդիրը չէ, ինձ համար չէ: Ինչ որ անելու եք, ձեր երեխաների համար եք անելու: Եթե այս գիտակցությունը չունեցաք, մենք շատ փորձանքների կգանք… Կանգնեք մինչեւ վերջ»,-կողմնակիցներին հորդորեց Տեր-Պետրոսյանը։

2009-ի այս օրը մարտի 1-ի գործը քննող դատարանն անելանելի դրության մեջ է՝ բոլոր վկաները հրաժարվում են իրենց նախաքննական ցուցմունքներից։ Մեղադրող կողմը միջնորդում է դադարեցնել վկաների քննությունը։