Քննարկվում է Մանվել Գրիգորյանի կալանքի խափանման միջոցը փոխելու հարցը
Աջակցիր «Ա1+»-ինԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ընթանում էր պաշտպանության նախկին փոխնախարար, ԵԿՄ նախկին նախագահ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի և իր կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը, քննվում էր խափանման միջոցը փոխելու հարցը:
Մանվել Գրիգորյանի փաստաբան Կարեն Քամալյանը նիստերը դռնփակ անցկացնելու միջնորդություն ներկայացրեց՝ փաստարկելով գործում պետական անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող նյութերի առկայությունը: Մասնավորապես, քրգործի նյութերում ապացույցներ կան քառօրյա պատերազմի սկզբում մարտի դաշտ գնացած զինվորների, Երկրապահ կամավորական միության ազատամարտիկների թվաքանակի մասին։ Ամբաստանյալի մեղավորությունը հերքող ապացույցներ ներկայացնելով, ըստ փաստաբանի, անհնար է չանդրադառնալ այդ օրերին օգտագործված մեքենաների, սննդամթերքի քանակին, որոնք ևս ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ են։
Ի պատասխան դատավոր Մարտիրոսյանն ասաց, որ այս միջնորդությունը կքննարկի հետագայում, դատաքննության նիստի օր նշանակելու ժամանակ, քանի որ այսօր ոչ թե քրեական գործի նյութերն են ուսումնասիրում, այլ ԵԿՄ նախկին նախագահի կալանքի խափանման միջոցը փոխելու հարցը, իսկ միջնորդության քննարկումը տեղի կունենա դատական նիստի մեկնարկին: