Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+emeri
A A
Սպորտ

«Մենք դեռ կարող ենք վերադառնալ 4-րդ հորիզոնական». Ունաի Էմերի

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին Պրեմիեր լիգայի 31-րդ տուրից հետաձգված խաղում «Վուլվերհեմփթոնից» կրած պարտությունից հետո (1:3) այսպես է մեկնաբանել հանդիպումը:

«Մենք գիտեինք, որ դժվար է լինելու, քանի որ «Վուլվերհեմփթոնն» ամբողջ մրցաշրջանում ուժեղ խաղ է ցուցադրում, լավ է գործում պաշտպանությունում, իսկ հարձակման գծում շատ արագ խաղացողներ ունի: Նրանք շատ կազմակերպված են խաղում, ուստի դժվար էր գոլ խփել:

Մենք հաջող սկսեցինք, առաջին 25 րոպեներին վերահսկում էինք գնդակը, բայց շատ շանսեր չունեինք: Ընդմիջմանը խոսեցինք եւ փորձեցինք երկրորդ կեսը սկսել որպես նոր հանդիպում, չնայած զիջում էինք 0:3 հաշվով: Խաղի ընթացքը փոխեցինք, կարողացանք գոլ խփել:

Շատ հիասթափված ենք, բայց պետք է հիշենք, թե ինչպես էինք խաղում երեք ամիս առաջ: Մենք դեռ լավատես ենք եւ կարող ենք վերադառնալ 4-րդ հորիզոնական», - իսպանացի մասնագետի խոսքերը մեջբերել է BBC-ին:

Նշենք, որ այս պարտությունից հետո «Արսենալը» 66 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը: Չմեպիոնների լիգայի գոտուց նրան առայժմ մեկ միավոր է բաժանում:

Հաջորդ հանդիպումը արսենալցիները կանցկացնեն ապրիլի 28-ին: Այդ օրը նրանք մրցակցի դաշտում կհանդիպեն «Լեսթերի» հետ: