Կանանց տոնը Ժողովրդական արվեստի կենտրոնում
Գարնան շունչը և կանանց տոները բանաստեղծական տրամադրություններ են ներշնչում բոլորիս: Ժողովրդական արվեստի կենտրոնը ապրիլի 10-ին, ժամը 14:00-ին հրավիրում է «Մորս ձեռքերը» խորագրով միջոցառմանը, որի ընթացքում Գայանե Սամվելյանը կասմունքի հայ պոետների՝ կնոջը ձոնված ստեղծագործություններից:
Կհնչեն նաև ազգագրական գողտրիկ երգեր:
Միջոցառման մուտքն ազատ է:
ք. Երևան, Աբովյան 64 (Աբովյան պուրակ)
Հակիրճ տեղեկատվություն Կենտրոնի մասին
Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստի կենտրոնը ազգային մշակույթի այն եզակի օջախներից է, որի առաքելությունն է նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանումը, շարունակականության ապահովումն ու հանրահռչակումը:
Կենտրոնի Երևանի և Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանների հիմքը կազմում են 1930-ական թվականներին ազգագրագետ, բանահավաք Հաբեթնակ Բաբայանի ջանքերով հիմնադրված Ժողովրդական ստեղծագործության տան ցուցանմուշները: Հավաքածուն (շուրջ 10.000 նմուշ) ընդգրկում է փայտի, մետաղի և քարի գեղարվեստական մշակման, ասեղնագործության, գորգագործության, խեցեգործության նմուշներ, ինչպես նաև ինքնուս նկարիչների գեղանկարներ: Հավաքածուում առանձնակի տեղ են գրավում սփյուռքահայերի նվիրատվությունները:
Ժողովրդական վարպետների ստեղծագործությունները յուրատիպ մշակութային արժեքներ են, որոնք ներկայացնում են Հայաստանի պատմա-ազգագրական գրեթե բոլոր շրջանների ժողովրդական արվեստն ու նրա զարգացման փուլերը:
Կենտրոնում տեղի են ունենում դասընթացներ, ժամանակավոր ցուցահանդեսներ, գրքի շնորհանդեսներ և բազմաթիվ այլ մշակութային միջոցառումներ:
(010) 569380, (010) 569383
[email protected]
Ժողովրդական արվեստի կենտրոն / Folk Art Center
www.folkartcenter.am