«Արսենալը» հաղթեց եւ բարձրացավ 3-րդ տեղ, Մխիթարյանը մասնակցեց խաղին
Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի վերջին խաղում Լոնդոնի «Արսենալը» սեփական դաշտում ընդունեց «Նյուքասլին»:
Արսենալցիները յուրաքանչյուր խաղակեսում մեկական գոլ խփեցին եւ վստահ հաղթանակ տարան՝ 2:0: Հանդիպման 30-րդ րոպեին Արոն Ռեմզին բացեց հաշիվը, իսկ 83-ին Ալեքսանդր Լյակազետը կրկնապատկեց այն:
«Արսենալում» հանդես եկող Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որն այս անգամ հայտավորվել էր պահեստայինների թվում, խաղի մեջ մտավ 84-րդ րոպեին՝ փոխարինելով Մեսութ Օզիլին: Ըստ վիճակագրերի, մեր ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրած 11 րոպեի ընթացքում կատարել է 9 փոխանցում, մեկ դրիբլինգ, հարվածելու մեկ փորձ եւ մասնակցել մեկ մենամարտի:
«Արսենալն» այս հաղթանակից հետո վաստակեց 63 միավոր եւ բարձրացավ 3-րդ հորիզոնական: «Նյուքասլը» 35 միավորով զբաղեցնում է 14-րդ տեղը:
