Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կադրում «Իմ Հայաստանն է»

Մշակույթ

            Լուսանկարիչ Մարտին Շահբազյանը հենց լուսանկարչական ապարատը միացնում է, այլեւս բան չի լսում: Սա նրա պատասխանն է  լրագրողներից մեկի հարցին, թե լինելով նախագահականի  լուսանկարիչը, նա ինչ-որ կերպ մասնակցո՞ւմ է քաղաքական անցուդարձին: «Աշխատում եմ ամեն կերպ քաղաքականության հետ կապ չունենալ ու երբեւիցե կուսակցական չեմ եղել: Ուղղակի չեմ լսում' ինչ է շուրջբոլորս կատարվում ու վերջ, միայն մտածում եմ' ոնց ճիշտ նկարեմ»,- ասաց լուսանկարիչը:

Այսօր Նկարիչների միությունում նրա' «Իմ Հայաստան» խորագրով լուսանկարների ցուցահանդեսն էր, ինչպես նաեւ' գրքի շնորհանդեսը: Մարտին Շահբազյանն արդեն 50 տարի է' զբաղվում է լուսանկարչությամբ, իսկ 2001թ.-ից նաեւ ՀՀ նախագահի լուսանկարիչն է: Ցուցահանդեսին բացի ՀՀ 3 նախագահների լուսանկարներից, ներկայացված էին նաեւ հայկական բնապատկերներ, մայրաքաղաքային պատկերներ:

Ցուցահանդեսին ներկա էին  հայտնի դեմքեր, որոնց մեծ մասին Մարտին Շահբազյանը հասցրել է լուսանկարել: Ներկա էր նաեւ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը, որի գալուն լուսանկարիչն անհամբերությամբ էր սպասում: Պատասխանելով «Ա1+»-ի հարցին' Սամվել Ֆարմանյանն ասաց, որ ճիշտ է, իրեն Մարտին Շահբազյանը շատ է լուսանկարել, սակայն այս պահին չի կարող առանձնացնել որեւիցե լուսանկար: Սամվել Ֆարմանյանին հատկապես դուր էր եկել  ՀՀ 3 նախագահների ու 3 վեհափառների լուսանկարների շարքը:

Անձամբ լուսանկարչի համար ամենահետաքրքիրն այն  կադրն է , երբ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն համբուրում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինի աջը: «Շատ լավ նկար է, թեեւ Լեւոն Տեր-Պետրոսյանն այն չի հավանել, քանի որ ինքը կռացել է: Ես էլ ասացի, որ դա ցույց է տալիս ձեր մեծությունը, չէ՞ որ Գարեգին 1-ինը ձեր ընտրած Վեհափառն է»,- պատճառաբանում է լուսանկարիչը:

            Նա գնահատում է հատկապես այն կադրերը, որտեղ անմիջականություն կա: Այդ իմաստով նրան դուր է եկել Սեւանում Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի լուսանկարը, որտեղ նրանք առանց փողկապների ուղղակի զրուցում են: 

            Լուսանկարչի վստահեցմամբ' ինքը լավ է աշխատում թե իշխանության, թե ընդդիմության հետ, քանի որ իր ասելով' միայն լավն է ուզում նկարել: «Այդ պահին իմ աչքին միայն լավ լուսանկար ձեռք բերելն է»,- վստահեցրեց նա: Իսկ մեր այն հարցին, թե եղե՞լ են նկարներ, որոնք նա չի ցանկացել տպագրել, նա ծիծաղելով պատասխանեց, որ, իհարկե, եղել են, սակայն խուսափեց մանրամասնել: