Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հպարտ ենք Մանսուրյանով» (տեսանյութ)

Մշակույթ

Այսօր մեծ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 70-ամյակին նվիրված Հայաստանի ազգային գրադարանը մեծ հանդիպում-միջոցառում էր կազմակերպել, որի ընթացքում տնօրինությունը կոմպոզիտորին հանձնեց Հակոբ Մեղապարտի անվան հուշամեդալ: Գրադարանի միջանցքում կազմակերպված էր ցուցադրություն` 2 ցուցափեղկով` Տիգրան Մանսուրյանին նվիրված գրականության եւ հեղինակած նոտաների, գրքերի ներկայացմամբ:

Ելույթներով հանդես եկան կոմպոզիտորի մտերիմները, նրա հետ երբեւէ գործ ունեցած անձինք: Ժամանակ առ ժամանակ ելույթները ընդմիջվում էին կոնսերվատորիայի ուսանողների` Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունների կատարմամբ, ինչպես նաեւ հին հայկական ֆիլմերի դիտումով, որտեղ հնչել է կոմպոզիտորի ստեղծագործությունները:

Նրա մտերիմներից կինոռեժիսոր Հովիկ Հախվերդյանը ասաց, որ Մանսուրյանը բացի լավ արվեստագետ լինելուց, նաեւ զտարյուն հայ է: Դերասան Աշոտ Ադամյանն էլ, որ նկարահանվել է նրա երաժշտությամբ ուղեկցված ֆիլմերում, հպարտության զգացում է ապրում. «Գործ ունենք մի երաժշտի հետ, որին մեկնաբանելը անշնորհակալ գործ կլինի, նրան պետք է լսել»:

Տիգրան Մանսուրյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին, նաեւ մտերիմներին ու ընկերներին, որ ներկա էին եւ անկեղծ խոսք ասացին:

Այնուհետեւ վերջինս իր կյանքի պատմություններից մի քանի դրվագ պատմեց: Օրինակ, թե ինչպես է ծնվել իր առաջին ստեղծագործությունը: Դեռեւես 1963թ. երբ, երրորդ կուրսի ուսանող էր, հարմոնիայի ուսուցիչ Ռոբերտ Աթայանը իրենց կուրսին է ներկայացրել Արամ Խաչատրյանի սոնատինան: Տիգրան Մանսուրյանը, որ անհամբեր սպասել է այդ գործին, լսելուց անմիջապես հետո բացականչել է. «Դրա եղածն ինչ է, ես էլ կգրեմ»: Այսպես է ծնվել նրա առաջին ստեղծագործությունը:

Ի դեպ, Տիգրան Մանսուրյանի մեծարման երեկոյին ներկա էր միայն մեկ քաղաքական գործիչ` ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանը: