Հայուհու քանդակները զարդարում են աշխարհը
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Նկարիչների միությունում իր անհատական ցուցահանդեսն էր կազմակերպել քանդակագործ եւ նկարչուհի Մարիամ Հակոբյանը:
Չորս տասնյակից ավելի նրա նկարներն ու քանդակները մինչ այդ ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ երկրների պետական եւ անհատական ցուցահանդեսներում, շահել մրցանակներ: Իսկ նրա մոնումենտալ աշխատանքերը տեղադրված են Հայաստանի, Ռուսաստանի, Ավստրիայի, Չինաստանի, Գերմանիայի, ԱՄՆ քաղաքներում:
«Մարիամի գործերին նայելիս` թվում է թե տեղափոխում ես ուրիշ աշխարհ: Առավել հետաքրքիր է դրանց բովանդակությունը: Ամեն քանդակ, ամեն նկար մտածելու տեղիք է տալիս եւ հստակ ասելիք ունի: Միշտ չէ, որ կարելի է նման բան տեսնել»,-ասաց այցելուներից Նաիրա Մկրտչյանը:
Մեկ այլ այցելու Մարգարիտա Գեւորգյանն էլ նշեց, որ հպարտ է, որ արվեստագետի հայեցի ոճով կատարված գործերը աշխարհի տարբեր երկրներում հիշեցնում են հայերի մասին: Արվեստագետի գեղանկարները բազմաոճ են. դրախտային թեմաներից մինչեւ երկրաշարժ ու արցախյան պատերազմ:
«Դրախտի դռներ» «Կանչող հեռու», «Հաց», «Հավատք», Կրակի պար». սրանք արվեստագետի վրձնի տակ ծնունդ առած գործերն են: Քանդակներն առավելապես պատկերում են կենդանիների: Բացի այդ, Մարիամ Հակոբյանը զբաղվում է խեցեգործությամբ, արծաթի արվեստով:
Քանդակագործը իր նպատակը համարում է մարդկանց մեջ լուսավոր զգացումներ արթնացնելը: «Ինչ- որ դրված է իմ արվեստի գործերի մեջ` դա փոխանցվում է դիտողին էներգիայի տեսքով: Դա սկսում է աշխատել ու կարող է լավ կամ վատ ազդեցություն ունենալ: Ես փորձում եմ, որ մարդը դրական էմոցիաներ ստանա իմ գործերից»,-«Ա1+»-ին ասաց Մարիամ Հակոբյանը :