Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական ֆիլմերը փոշոտվում են դարակներում

Մշակույթ

Հայ ռեժիսորների ֆիլմերն այսօր պահվում են դարակներում, լավագույն դեպքում`ցուցադրվում ու քննարկվում նեղ շրջանակում կամ ներկայացվում կինոփառատոնների ժամանակ:

Հանդիսատեսն էլ դրանց մասին լսում է, սակայն դրանք դիտելու հնարավորություն չի ունենում: Սահմանափակ են նաև մի շարք ռեժիսորների`ֆիլմեր նկարահանելու հնարավորությունները: Որպեսզի այս երևույթը Հայաստանում շարունակական չլինի` մի խումբ երիտասարդ կինոռեժիսորներ որոշել են բեկում մտցնել:

«Angry» ստուդիայի անդամներն, օրինակ, իրենց գերնպատակն են համարում համախմբել երիտասարդ ռեժիսորներին, նրանց ֆիլմերը ներկայացնել հանրությանը, նաև նկարահանել նոր ֆիլմեր
Այսօր «Արմատ» Ակումբում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ նրանք
տեղեկացրեցին, որ մայիսից իրականացնում են նոր նախագիծ, որի նպատակն է հանրության դատին ներկայացնել ութ կարճամետրաժ ֆիլմեր:

Ստուդիայի մամուլի բաժնի խոսնակ Նվարդ Մանվելյանի խոսքով` ֆիլմերից յուրաքանչյուրը ստեղծված է առանձին ռեժիսորի կողմից` անհատական մոտեցմամբ, սցենարներն էլ ընտրվել են մրցույթային կարգով: Հաղթողներին որոշել են իրենք և գեղարվեստական խորհուրդը: Վերջինի կազմի ու նաև ֆիլմերում ներգրավված դերասաննների մասին սակայն, նրանք չցանակացան խոսել, ասելով` որ այյդ մասին կհայտարարեն սեպտեմբերին` ֆիլմերի ցուցադրությունից առաջ:

«Մեր թիմը ցանկություն ունի կինեմատիկ կամ սինեմատիկ /ծիծաղում է/ ալիք բարձրացնել՝ մի փոքր լճացման վիճակում գնվող հայ կինոյում׃ Քանի որ ունենք շատ տաղանդավոր ռեժիսորներ, որոնց գործերը շատերին հայտնի չեն », - ասաց «Angry» ստուդիայի գործադիր պրոդյուսեր Անդրանիկ Մուրադխանյանը:

Դրանով է արդյո՞ք պայմանավորված, որ ստուդիայի անունը թարգմանաբար նշանակում է «բարկացած» հարցին, նա պատասխանեց` մեջբերելով Պարույր Սևակին` « մինչև մի լավ չբարկանաս, ոչինչ չի ստացվի», հետո ավելացրեց. «Բարկանալու թեմաներ շատ կան: Քանի որ բոլորս ստեղծագործող ենք, ինչ որ բաներ ենք նկատում փորձում օգնել: Բայց ասեմ, որ մենք չենք ուզում քննադատել ու ոչ թե պայքարում ենք ինչ -որ բանի հետ, այլ ինչ -որ բանի համար»:

Ֆիլմ, թեկուզ և կարճամետրաժ, նկարահանելու համար,մեծ գումարներ են հարկավոր: «Angry» ստուդիայի ներկայացուցիչները խնդիրը ևս լուծված են համարում. համագործակցում են մոսկովյան «ՀայԱրտ Մեդիա» ընկերության հետ, որն էլ օժանդակում է տեխնիկապես և ֆինանսապես: Ի դեպ, կարճամետրաժները նկարահանված չեն տեսաժապավենի վրա, այլ թվային` HDV ֆորմատով են:

30 րոպե տևողությամբ ութ կարժամետրաժների ցուցադրությունը առաջին անգամ կկայանա «Մոսկվա» կինոթատրոնում, տոմսերի գները կսահմանի կինոթատրոնը: Մինչդեռ, DVD սկավառակների գները` շուկայականից ցածր, սահմանելու է «Angry»-ն :