Դասական երաժշտության «հրավառություն»
Աջակցիր «Ա1+»-ինՀուլիսի 30-սեպտեմբերի 21-ը «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճում` բաց երկնքի տակ, կանցկացվի «Բաց երաժշտության փառատոնը», որին կմասնակցեն դասական երաժշտության ընդհանուր առմամբ 150 կատարող եւ խումբ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանից, Իտալիայից եւ այլն:
Ինչպես ասուլիսում նշեց փառատոնի կազմակերպիչ Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Արամ Ղարաբեկյանը` բացի նախապես հրապարակված համերգային ծրագրից, լինելու են նաեւ բազմաթիվ անակնկալներ:
Փառատոնին մասնակցելու է նաեւ տաղանդավոր եւ ինչպես ներկայացրեց Արամ Ղարաբեկյանը` մեծ ապագա ունեցող, վիրտուոզ կատարող Վանաձորից փոքրիկ Նարեկ Կազազյանը: Փառատոնի բացմանը նա քանոնի վրա կկատարի Խաչատուր Ավետիսյանի ստեղծագործություններից մեկը: «Մի խոսքով` մենք սկսում ենք երաժշտական հրավառություն»,- ուրախությամբ հայտարարեց նա:
Ի դեպ, Իտալիայից հրավիրվել է նաեւ Պիետրոդարքի ակորդեոն/բանդոնեոնի մենակատար Մարիո Ստեֆանոն: Օգոստոսի 2-ին նա եւ Հայաստանի պետական կամերային նվագախմբը հանդես կգան համատեղ համերգով:
Ճիշտ է, փառատոնը բաց է, սակայն նրա տոմսերը կարժենան 2000-4000 դրամ: Ինչպես նշեց Արամ Ղարաբեկյանը` կազմակերպել եւ անցկացնել այսպիսի մասշտաբի փառատոն, այնքան էլ հեշտ չէ հատկապես ֆինանսական առումով:
«Անցկացնել բաց փառատոն, նշանակում է բաց երկինք, մտածողություն, հանդուրժողականություն: Բայց կա նաեւ իրականություն. այսպիսի տեխնիկայով այսպիսի փառատոն իրականացնելու համար մենք պետք է համապատասխան ֆինանսական հնարավորություն ունենայինք: Այս փառատոնն այս մակարդակով անցկացնելու համար, ես կարծում եմ` բավականին մատչելի գներ են»,- ընդգծեց նա` ավելացնելով, որ հովանավորների գումարների մեծ մասը հատկացվել է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային կինոդահլիճի շինարարական, բարեկարգման աշխատանքների, համերգի հնչունային տեխնիկան ձեռք բերելու եւ կազմակերպչական աշխատանքների համար:
Ի դեպ, «Մոսկվա» կինոթատրոնի ամառային կինոդահլիճը 15 տարուց ի վեր չէր վերանորոգվել եւ ոչ մի մեծամասշտաբ միջոցառումներ այստեղ այդ տարիների ընթացքում չեն անցկացվել: Եւ միայն այս փառատոնի շնորհիվ հովանավորների միջոցով այն տեսքի բերվեց: Ինչ վերաբերում է համերգի հնչունային տեխնիկային, ապա այն մեկ շաբաթ առաջ բերվել է Գերմանիայից եւ հատուկ նախագծվել ամառային այս կինոդահլիճի տարածքի համար: Համերգի հնչունային ռեժիսորն է Դիդո Քախերը, որը եղել է համաշխարհային մակարդակի մեծ համերգների կազմակերպիչ: Այդ պատճառով էլ փառատոնի կազմակերպիչները խոստանում են, որ համերգի ժամանակ ոչ մի խոտան չի արձանագրվի: