«Աղջիկների երգելու հետ կապ չուներ»
Աջակցիր «Ա1+»-ին"Եվրատեսիլ 2009" երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչներ Ինգա եւ Անուշ Արշակյանները զբաղեցրին միայն 10-րդ հորիզոնականը: Այնինչ մեր հարեւաններ Ադրբեջանն ու Թուրքիան զբաղեցրին համապատասխանաբար 3-րդ եւ 4-րդ հորիզոնականները: Այս տարի մրցույթի սկանդալային պատմություններից էր նաեւ մեր ներկայացուցիչների տեսահոլովակից ԼՂՀ սիմվոլի հանելու պատմությունը:
Հիշեցնենք, որ ադրբեջանական իշխանությունները վերջնագրի տեսքով պահանջ էին ներկայացրել հանել Ինգա եւ Անուշի տեսահոլովակից Սարգիս Բաղդասարյանի «Մենք-մեր սարերը» քանդակի նկարը: Սակայն Հայաստանի ձայները ներկայացնող Սիրուշոն ուղիղ եթերի ժամանակ ձեռքին բռնել էլ քանդակի նկարը:
Ռուսաստանի հայերի միությունը այս մասին հայտարարություն էր արել.«Սա ադրբեջանական իշխանությունների հերթական քայլն է հակամարտության սրացմանն ուղղված, ինչը առթիվ մեր ափսոսանքն ենք հայտնում»:
"Եվրատեսիլ 2009"-ի շուրջ քննարկումները շարունակվում են նաեւ «Ա1+»-ի բլոգում, որտեղ «Հայաստանի հավակնությունները Եվրատեսիլում» նյութի տակ մոտ 100 մեկնաբանություններ կան: Մրցույթից եզրափակիչ փուլից առաջ քննարկումները հիմնականում այն ուղղությամբ էին, որ Հայաստանը ներկայացնող Ինգան եւ Անուշը կատարողական արվեստով եւ պատրաստվածությամբ գերազանցում են Հայաստանը ներկայացրած նախորդ բոլոր մասնակիցներին, սակայն տարակուսանք կար երգի ընտրության եւ հագուստների ու շպարի համար: Մրցույթից հետո կարծիքների ուղղավծությունը փոխվել է:
«Նախ պարզ է, որ աղջիկների երգելու հետ այս մրցույթը կապ չուներ, բայց Եվրոպան ու մանավանդ Ռուսաստանը ցույց տվեցին, թե որտեղ է մեր տեղը: Դա մեր իշխանությունների վարած քաղաքականության արդյունքն է: Ռուսները արդեն գրում են, որ անցած տարի Հայաստանի բերանը փակելու համար ցեղասպանության մասով Թուրքիան մեզ 12 միավոր տվեց, իսկ այս տարի Հայաստանը եւ Ադրբեջանի,եւ Թուրքիայի բոլոր քմահաճույքների հետ համաձայնվեց, դրա համար էլ արդեն իրենց պետք չենք»,-ասում է բլոգի ակտիվիստներից Serjio Mark-ը:
Բլոգի սփյուռքահայ ակտիվիստներից մեկն էլ գրում է, որ սփյուռքում բոլորը հայերը ձայն տվել են, պարզապես ամեն երկիր իր գնահատականն է դրել: «Անկախ ամեն ինչից քույրերը բարձր պրոֆեսիոնալիզմի երգչուհիներ են, պատասխանատու են երգի հեղինակները»,-գրում է «Վերլուծողը»: Իսկ Վազգեն_Պ-ն գրում է, որ հասկանալ է պետք, «Եվրատեսիլը» այնպիսի երաժշտական մրցույթ չէ, որտեղ որոշվում է ամենալավ երգն ու կատարողը. «Նամանավանդ վերջին տարիներին, երբ մասնակիցների քանակը լրացվեց նախկին խորհրդային, այսինքն ռուսալեզու երկրներով, քաղաքական շոու, որտեղ ցանկացած երկիր ու ազգ ցանկանում է ցուցադրվել ու իր գաղթօջախների, արտագնա աշխատողների բազմակի քվեարկության միջոցով կարողանում է որոշակի ձայներ ապահովել»,-գրում է նա:
Նշենք, որ "Եվրատեսիլ 2009"-ին հաղթել է Նորվեգիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Ռիբակը։ Ֆրանսիայի ներկայացուցիչ հայտնի երգչուհի Պատրիասիա Կաաս-ը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը, Ռուսաստանը' 11-րդ: Հայաստանին 12 միավոր է տվել միայն Չեխիան: