Բաց կլինեն մինչեւ ուշ գիշեր
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 16-ին Հայաստանի բոլոր թանգարանները ժամը 18.00-ից մինչեւ ուշ գիշեր կբացեն իրենց դռները բոլոր այցելուների համար: Հայաստանը 5-րդ անգամ է միանում «Թանգարանային գիշեր» տոնին: Այս տարի «Թանգարանային գիշեր» միջոցառմանը 30 թանգարան է մասնակցում:
Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Հենրիկ Բախչինյանը հայտնեց, որ մի քանի միջոցառում են կազմակերպել:
«Այս տարի կլինի միանգամից մի քանի միջոցառում' երեկոյան ժամը 18.00-ից սկսած' Թումանյանի հեքիաթները ներկայացնող եւ առհասարակ այն 4 գագաթներին նվիրված, որոնք են Հովհաննես Թումանյանը,Կոմիտասը, Լեւոն Շանթը եւ Երվանդ Օտյանը, որոնց 140 ամյակը լրանում է այս տարի եւ մենք որոշեցինք թանգարանային գիշերը համատեղել 140-ամյա 4 մեծերի հոբելյանին»,- ասաց թանգարանի տնօրենը:
Թանգարանի տնօրենը ասում է, որ իրենք, սակայն, չունեն իրենց մշտական ցուցադրությունը, քանի որ թանգարանի ցուցասրահների մի զգալի մասը արդեն 17 տարի զբաղեցրած է Մարկոս Գրիգորյանի անձնական հավաքածուի ցուցադրությունով: Հենրիկ Բախչինյանը հույս ունի, որ իրենց վերջապես հնարավորություն կտրվի տարածքները տնօրինելու հնարավորություն, եւ այցելուները ավելի համակողմանիորեն կհաղորդակցվեեն մշակութային գանձերի հետ:
Ազգային պատկերասրահն էլ 2005 թվականից է միացել այս օրվան: Առաջին տարին պատկերասրահը 4000- 5000 այցելու է ունեցել: Այս տարի պատկերասրահը թանգարանային գիշերը նվիրում է Թումանյանին եւ Կոմիտասին:
Ինչպես նշում է Ազգային պատկերասրահի միջազգային կապերի եւ հասարակայնության հետ կապերի կոորդինացման բաժնի վարիչ Անահիտ Մինասյանը, այս միջոցառումը մի գովազդային քայլ է' թանգարանի հավաքածուն ներկայացնելու համար, քանի որ կան մարդիկ, ովքեր առաջին անգամ են այցելում թանգարան: Պատկերասրահը ակնկալում են մեծ թվով այցելուներ:
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանի խոսքերով էլ , որ իրենք այդ օրը կազմակերպելու են ցուցահանդես, որտեղ ներկայացնելու են Լոռու բերդի կավանոթները (Ք ա 22-րդ դարից մինչեւ 6-րդ դարը): «Սքանչելի կտորներ են, ուրիշ ոչ մի միջոցառում»,- ասաց նա:
Ի դեպ, բացի Երեւան քաղաքից, այս տարի, մարզերը եւս նշելու են թանգարանային գիշերը: