Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արշակյանները 14-րդ տեղո՞ւմ

Մշակույթ

Ավարտվեցին «Եվրոտեսիլ-2009» երգի մրցույթի կիսաեզրափակիչները: Արդեն հայտնի են, եզրափակիչի բոլոր 25 մասնակիցների անունները, որոնց թվում են նաեւ Հայաստանը ներկայացնող Անուշ եւ Ինգա Արշակյանները:

2-րդ կիսաեզրափակիչից հետո անմիջապես կայացել է եզրափակիչի վիճակահանությունը, որի արդյունքում Ինգա եւ Անուշ Արշակյանները իրենց «Ջան, ջան» երգով ելույթ են ունենալու 9-րդը: Իսկ առաջինը բեմ դուրս կգա Լիտվայի ներկայացուցիչ Սաշա Սոնը:

Կիսաեզրափակիչներում անակնկալներ չգրրանցվեցին: Բոլոր ֆավորիտներն էլ իրավունք ստացան հանդես գալ եզրափակիչում:

Ըստ բուքմեյքերների' ֆավորիտը շարունակում է մնալ Նորվեգիան, որը ներկայացնում է Ալեքսանդր Ռիբակը: Վերջինս հնարավորությունները խիստ հավանական են համարվում: Ռիբակի հաղթանակի համար սահմանվել է 2,15 գործակից: 5,75 գործակցով 2-րդ տեղում է Հունաստանի ներկայացուցիչ Սակիս Ռուվասը, որը ելույթ կունենա Ինգա եւ Անուշ Արշակյաններից առաջ: Ռուվասը արդեն «Եվրոտեսիլում» հանդես գալու փորձ ունի եւ ժամանակին գրավել է 3-րդ հորիզոնականը:

Առաջին կիսաեզրափակիչում մեծ թվով ձայներ ստացած Թուրքիան 10,00 գործակցով եզրափակում է հավակնորդների եռյակը: Թուրքիան ներկայացնող Հադիսեի օգտին է խոսում այն հանգամանքը, որ թուրքերը Եվրոպայում ունեն մեծ սփյուռք, ինչը էական նշանակություն ունի քվեարկության ժամանակ:

Հայաստանի հնարավորությունները կիսաեզրափակիչից հետո նվազել են: Այժմ Ինգա եւ Անուշ Արշակյանների հաղթանակի համար սահմանվել է 50,00 գործակից: Այս ցուցանիշով Հայաստանի ներկայացուցիչները 14-րդն են:  

Ադրբեջանը ներկայացնող Արաշը եւ Այսելը 15,00 գործակցով 6-րդն են, իսկ Ռուսաստանը ներկայացնող Մամոյի հաղթանակի համար սահմանվել է անհավանական 90,00 գործակից:

Ավելացնենք, որ նման գործակիցներ է սահմանել BWIN բուքմեյքերական ընկերությունը: