“Հայ են ու ազատ են”
Աջակցիր «Ա1+»-ին"Աշունը հավաքի իմաստ ունի, աշունը հանգիստ է, աշունը ինձ հոգեհարազատ է",-ասում է նկարիչ Գաստելլո Գասպարյանը եւ հանգիստ հանում նկարները շրջանակներից ու դասավորում իրար վրա: Ապրիլի 22-ից ամեն օր նա ընդունել էր իր ցուցահանդեսին եկած բոլոր հյուրերին եւ կիսվել նրանց հետ իր հույզերով: Ցուցահանդեսն արդեն հավաքեցին եւ նկարիչը հրաժեշտ տվեց "Ակընթարթ" խորագրով նկարիչների միությունում իր առաջին ցուցահանդեսին:
"Դպրոցականներ էին եկել ցուցահանդեսիս, մեկը մոտեցավ, հարցրեց` ինչի մասին ես մտածում նկարելիս: Պատասխանեցի` նկարի: Ես իրոք նկարելիս նկարի ու բոլորին հավսարաչափ հասկանալի ու անհասկանալի իմ գույների մասին եմ մտածում, մարդկության գույնի,-"Ա1+"-ի հետ իր հույզերով կիսվեց նկարիչը:
Ցուցահանդեսին ներկայացված նկարչի 53 գործերում գերակշռում են հայկական գունեղ նախշերը:
"Ես նկարները չեմ պահում արհեստանոցումս: Նկարները երեխաների պես են, որ ծնվում են, մի օր էլ պետք է իրենց կյանքն ունենան, մի օր էլ պետք է գնան",-ասում է նկարիչը եւ պատմում, որ իր 4 ամյա թոռնիկը արդեն առաջին փորձերն է անում նկարչության մեջ ու հաճախ է գալիս պապի մոտ` արհեստանոց:
"Աշոտիկս գալիս է, վրձինը մտցնում ներկերի մեջ, մատներով մտնում: Ասում եմ`
շատ մի փչացրու, հաշվից եմ հանելու: Պիտի երեխայի ազատ թողնես: Առհասարակ մարդուն ազատություն է պետք, ինչը պակասում է հատապես հայերին: Դարերի ընթացքում ձեւավորված տարբեր պատճառներով մեր մեջ նստել է դա, "ով ինչ կասի"-ի վախ կա",-կարծում է Գաստելլո Գասպարյանը ու հետո ավելացնում, որ իր բոլոր կտավները "հայ են ու ազատ են":