Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այսօր մեր մշակութային առանցքը եղեռնն է»

Մշակույթ

«Այբ-Ֆե» թերթի նյութերից

Վերջին տարիներին բոլորի ուշադրությունը փորձում են ուղղել, ավելի ճիշտ շեղել երկու երեւույթի վրա՝ ահաբեկչություն եւ գլոբալիզացիա։ Վերջինիս նակատմամբ հետաքքրքրությունը հետզհետե փոխարինվեց անհանգստությամբ եւ իրենց ազգայնական համարող ուժերն այսօր պայքարն ուղղել են գլոբալիզացիայի դեմ։ «Գլոբալիզացիան ոչ աշխարհի վերջն է լինելու եւ ոչ էլ նոր մշակույթի ձեւավորման սկիզբը»,- համոզված է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Նա չի հերքում, որ մարտահրավերները, մասնավորապես մշակութային, առաջ են գալիս գլոբալիզացիայի արդյունքում: «Դրանք փոփոխությունների, նոր վտանգների պատճառ են դառնում, որոնք ավելի անդրադառնում են քաղաքի, քան` գյուղերի վրա»,- ասաց տիկին Խառատյանը: Նրա կարծիքով ավանդական մշակույթը բնավ չի կարելի դիտարկել իբրեւ բացասական երեւույթ, սակայն, մյուս մշակույթներն էլ չի կարելի ստորադասել դրան: Տիկին Խառատյանը բոլորի ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ այսօր մեր հայ ազգայնականները գտնում են, որ «միայն հայերեն լեզուն, եկեղեցին ու խաչքարերն են մեր ազգային արժեքները, սակայն այսօր աշխարհի ամենապահպանողական երկրներից Ճապոնիայում էթնիկ մշակույթը պատմականորեն ամբողջովին բաց է չինական, կորեական, հարավարեւելյան այլ մշակույթների ներթափանցման համար եւ դրանից ճապոնական գրականությունը չի տառապում, հասարակությունը դրա մեջ դավաճանություն չի տեսնում: Ճապոնական վարքականոնի ամենաբարձր գիտակները էլիտայի ներկայացուցիչներն են, ովքեր ամենալավն են տիրապետում էթնիկ նորմերին: Ճապոնիան աշխարհի ամենաբաց երկիրն է եւ հոգու երկվություն չունի»: Տիկին Խառատյանը նկատում է. «Հայաստանում քրիստոնեությունն ընդունվելուց հետո: Տրդատ թագավորն ու Գրիգոր Լուսավորիչը ոչնչացրեցին ամեն ինչ, ժողովրդին զրկեցին մշակույթից, իսկ հելլենիստական մշակույթը տարածվեց առանց նախորդը ոչնչացնելու... Իսկ մեր օրերում հայերիս համար եկեղեցի ունենալն ավելի կարեւոր է, քան` կրոնին հետեւելը: Իրականում մենք չունենք բոլորիս համար ընդունելի հավատք եւ հանգանակ: Այսօր մեր մշակութային առանցքը եղեռնն է»:

Վիկտորյա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ