Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԻՆՈՆ ԿՆՊԱՍՏԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆԸ

Մշակույթ


Հայ եւ թուրք կինոգործիչները համատեղ աշխատանքներով փորձում են իրենց լուման ունենալ հայ-թուրքական հարաբերությունների զարգացման գործում: Դեկտեմբերի 4-8-ը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հրավերով Երեւանում տեղի է ունենալու հայ-թուրքական 2-րդ սեմինարը՝ «Կինոն որպես երկխոսության եւ փոխըմռնման միջոց» թեմայով:


Այս նպատակով Թուրքիայից ժամանել են 10 թուրք երիտասարդ կինոգործիչներ, այդ թվում նաեւ՝ թուրքահայ հրապարակախոս Հրանտ Դինքի եղբոր աղջիկը՝ լրագրող Լուսին Դինքը: Վերջինս լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, որ միասնական ուժերով կփորձեն մի բան անել, որ նպաստեն հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը: Նախորդ սեմինարի ընթացքում կարողացել են հենց Հայաստանում ստեղծել մի ֆիլմ, որը բավականին հաջողվել էր:


Սեմինարի մասնակիցները միակարծիք էին, որ այսօր կա երկու երկների միջեւ մշակութային համագործակցության ակնհայտ պակաս: Այս սեմինարների անցկացումն, ըստ նրանց՝ կնպաստի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ քաղաքական եւ մշակութային երկխոսությանը ու կինոյի լեզվով կկրողանան աջակցել միմյանց փոխճանաչողությանը: «Տեսանք, թե Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային մի հանդիպումն ինչ մեծ քայլերի դրդեց: Մենք նույն տարածաշրջանի մարդ ենք եւ մեզ բաժանողը ընդամենը մի գետ է: Մենք ցանկանում ենք, որ պատմական Մետաքսի ճանապարհը նորից վերակառուցվի, եւ մենք նրանով ազատ անցնենք: Մենք հավատում ենք կինոարվեստի միացնող, խաղաղացնող ուժին եւ հավատում ենք, որ ամենափոքր ֆիլմն անգամ կարող է իր դերն ունենալ»,- կարծիք հայտնեց թուրքական «Անադոլու Քյուլթուր» ասոցիացիայի ծրագրերի համակարգող Չիգդեմ Մաթեր Ուտկուն:


Ռեժիսոր Սենեմ Թուզենը պատմեց, որ երբ Թուրքիայում իմացան, որ հայ-թուրքական համատեղ մի ծրագիր է պատրաստվում, սպասվածից ավելի մեծ արձագանք եղավ տարբեր շրջանակներում: «Մենք մտածեցինք, որ եթե Թուրքիայում կարողացանք այսքան մարդ հավաքել, ապա Հայաստանում եւս կկարողանանք այսքան մարդ հավաքել եւ ստեղծել հայ-թուրքական պլատֆորմ: Հիմա մեզնից յուրաքանչյուրի մտքի մեջ մի շարք ծրագրեր կան՝ ուղղված մեր երկու ազգերի միջեւ հարաբերությունների զարգացմանը, մնում է այն վերածել մի փոքրիկ ստեղծագործության»,- ասաց նա:


Իսկ ռեժիսոր Էզել Ակայը նշեց, որ եթե հաջողվի հայ-թուրքական մի ֆիլմ ստեղծել՝ կապ չունի ինչ ֆորմատի մեջ, ապա այն մեծ հաջողություն եւ լայն տարածում է ունենալու Թուրքիայում: Սակայն նա կասկած հայտնեց, որ նույնը կարող է նաեւ Հայաստանում լինի: «Բանն այն է, որ մեր կարծիքով միայն ձեր ինտելեկտուալ շրջանակներում կմնա այդ ֆիլմը, քանի որ որքան ես լսել եմ՝ շատ քիչ կինոթատրոններ կան Հայաստանում»,- նկատեց նա: