Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒՆ ԲԻԶՆԵՍ ՉԷ»

Մշակույթ


«Երբ խոսում ենք այն մասին, թե արդյոք աշուղական արվեստ այսօր պահանջարկ ունի, դա նույնն է, եթե հարցնեք` մեր մայրենի լեզուն պահանջարկ ունի՞»,-կարծում է ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը: Նա նշում է, որ հայ երգը մայրենի լեզվին համազոր ազգային երեւույթ է, որի գոյությունը պահպանում է մեր ազգային դիմագիծը:

«Աշուղական արվեստը չի կարող մրցակցել մի իրավիճակում, որտեղ ամեն ինչ վերածված է բիզնեսի, մայրենի լեզուն չի կարող դառնալ բիզնեսի առարկա: Պրոֆեսիոնալ ազգային արվեստները պետք է հովանավորվեն պետության կողմից»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Թովմաս Պողոսյանը:

Նա ասում է, որ այսօր երիտասարդ սերնդի շրջանում իրենք փորձում են պրոպագանդել այս երաժշտությունը, եւ բազմաթիվ պատանիներ ու աղջիկներ գալիս են սովորելու եւ դառնալու հայ աշուղական արվեստի կրողներ: Վաստակավոր արտիստի ղեկավարած «Սայաթ Նովա» մշակութային միության «Ջիվանի» ազգային աշուղական դպրոցն այսօր 150 սան ունի եւ մասնաճյուղեր Հրազդանում, Եղեգնաձորում ու Ջավախքում:

«Այսօր արդեն 600 տարի է մեզանում գործում է աշուղական արվեստը, որը հենվում է հայ ազգային եւ հոգեւոր երաժշտությունների հիման վրա,-նշում է նա` հիշեցնելով,- Ունեցել ենք աշուղական ավանդական երեք դպրոցներ` պարսկահայ, տաջկահայ եւ վիրահայ, սակայն Ջիվանին դարձավ հայ ազգային աշուղական դպրոցի հիմնադիրը մեզանում եւ բոլոր այդ դպրոցներին այլեւս փոխարինեց ազգային դպրոցը»: