ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ ՀԵՏՄԱՀՈՒ ԷԼ ՉԵՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ին
Դերենիկ Դեմիրճյանի տուն- թանգարանը հիմնովին նորոգման կարիք ունի: Ամեն տարի Մշակույթի նախարարությունում հարցը բարձրացնում են, սակայն հարցը լուծում չի ստանում:
«Դեմիրճյանը շատ համեստ եւ հանիրավի չգնահատված է եղել եւ կենդանության օրոք, եւ հետմահու: Երբ Դեմիրճյանը ապրում էր, իր ժամանակակիցներից իր անունը ամենավերջինն էին տալիս: Մահից հետո իրենից ոչ ավելի շնորհալիների շիրիմը տեղ է գտել Կոմիտասի անվան պանթեոնում, եւ յուրաքանչյուրը կամա թե ակամա այցելում է, իսկ Դեմիրճյանը քաղաքային պանթեոնում է թաղված, ոչ բոլորը նույնիսկ գիտեն այդ մասին»,-«Ա1+»-ին ասաց Դերենիկ Դեմիրճյանի տուն- թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանը:
Թանգարանը հիմնվել է 1977 թվականից, եւ 31 տարի նորոգում չի կատարվել:
Ձմռանը թանգարանը ընդհանրապես չի ջեռուցվում եւ սարսափելի ցուրտ է լինում: Իսկ հիմնական ձեռագրերն էլ պահպանվում են Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում: Ըստ վարիչի`այստեղ պահպանվող ոչ բոլոր ձեռագրերն են օրիգինալ, որովհետեւ իրենք ոչ հատուկ արկղեր ունեն եւ ոչ էլ դրանք լույսի եւ օդի շփումից ու խոնավությունից պահպանելու հնարավորություն:
«Այստեղ գրքերը հանձնված են բնակլիմայական քմահաճույքին: Սա տուն է, եւ պայմանները տնային են, թանգարանը չունի այն օժանդակ հատվածը, որպեսզի հնարավոր լինի հատուկ մթնեցնել կամ հատուկ օդափոխության համակարգ ստեղծել գրքերը կամ ձեռագրերը պահպանելու համար հատուկ պայմաններ չկան»,- ասում է տուն-թանգարանի վարիչը:
Տուն-թանգարանում պահպանվում են Դեմիրճյանի անձնական իրերը, գրքերը եւ ձեռագրերի պատճեները: Թանգարանի այցելուների քանակն էլ այնքան շատ չէ:
Թանգարանի վարիչը սա կապում է նաեւ թանգարանի «թաքնված» վայրում լինելու հանգամանքի հետ: Այն գտնվում է «Երիտասարդական» մետրոյի հարեւանությամբ, սակայն շենքերից մեկի բակում:
Նախկինում թանգարանը ունեցել է հուշասյուն, սակայն հիմա այն կարծես կորել է, քանի որ առեւտրի կրպակները եւ սրճարանը փակել են այն: Կարինե Ռաֆայելյանի խոսքերով՝ նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում էլ այցելուները չեն կարող թանգարանը գտնել:
«Ես չգիտես ինչու, որպես անձնական ցավ եւ ինչ- որ տեղ վիրավորանք եմ ընկալում այս վիճակը, որովհետեւ Դեմիրճյանը արժանի չէ նման վերաբերմունքի, ցավոք սրտի, ամենավատ վերաբերմունքը դասականներից այսօրվա դրությամբ ինքն է ստանում»,- եզրափակեց թանգարանի վարիչը: