Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԹԱՏՐՈՆԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ ՉԼՈՒԾՎԱԾ

Մշակույթ

Մայիսի վերջին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կսկսվեն նորոգման աշխատանքներ: Պետական բյուջեից 50 միլիոն դրամ է հատկացվել, որով պետք է կարգավորվեն թատրոնի գազաֆիկացման, ջեռուցման հարցերը, կնորոգովեն ջրագծերն ու կոյուղագծերը: Սակայն թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը առավել կարեւորում է թատրոնի տեխնիկական` ձայնային, լուսային, բեմական խնդիրներըի լուծումը:

«Բեմի մեխանիզացիա, ձայնային եւ լուսային սարքավորումներ, դրանք գումարային տեսքով հսկայական արժեք ունեն,եւ ինձ համար դրանք են կարեւոր»,- «Ա1+»,-ին ասաց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը:

Այս նպատակով փետրվար ամսին Գերմանիայից եւ Ավստրիայից մասնագետներ են ժամանել թատրոն եւ նախագծային աշխատանքներ կատարել:

Սակայն գումարի չափը հայտնի չէ, որովհետեւ դեռ վերջնական փաստաթղթերը ուղարկված չեն: Այդ տեխնիկական աշխատանքները հնարավոր է իրականացվեն 2009թվականին:

« Ժամանակակից, այսօրվա շնչին համապատասխան նախագիծ ու նախահաշիվ է արվում, որը դեռ աշխատանքային փուլում է»,- ասում է տնօրենը’

Նշենք,որ քանի տարի է ձմռան ամիսներին թատրոնը չի աշխատում, որովհետեւ ջեռուցում չկա եւ, եթե ջեռուցման խնդիրը լուծվի, թատրոնը կաշխատի նաեւ ձմռանը:

Ի դեպ, չնայած նորոգման աշխատանքներին` թատրոնը շարունակելու է իր գործունեությունը եւ հունիսի սկզբին նրանք հանդիսադեսի դատին կհանձնեն նոր ներկայացում՝ Մոլիերի «Բռնի ամուսնություն» պիեսի հիման վրա: