Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ»

Մշակույթ

Այսօր Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում երեխաների համար իսկական տոն էր: Տեղի ունեցավ «Հայկական հեքիաթները երեխաների աչքերով» նկարների ցուցահանդեսի բացումը: Նկարների հեղինակաները տարբեր դպրոցների աշակերտներ են, այդ թվում` N 14 խախտված տեսողությամբ երեխաների համար հատուկ դպրոցի սաները:

Հանդիսավոր միջոցառման ժամանակ տեղի ունեցավ մրցանակաբաշխություն: Սարգսյան Անահիտը նկարել էր Քաջ Նազարին եւ այդ նկարի համար մրցանակ էր ստացել.«Դասարանում բոլորը սկսեցին նկարել Շունն ու Կատուն, դրա համար ես որոշեցի Քաջ Նազարին նկարել»,-ասում է «Հակոբ Կոջոյանի» անվան կրթահամալիրի 11-ամյա սանը:

Ցուցահանդեսն անցկացնում է «ԱրմԱուդիո» հրատարակչությունը:

Ընկերության կառավարող գործընկեր Ռուբեն Սարդարյանը «Ա1+»-ին ասաց, որ նման ցուցահանդես կազմակերպելու գաղափարը մի քանի նպատակ էր հետապնդում.«Մեր նպատակն էր խրախուսել մանկական արվեստի զարգացումը, երեխաների ներգրավել մշակութային գործընթացի մեջ եւ հանրության ուշադրությունը հրավիրել մանկական արվեստին: Եւ հետո շատ հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես են երեխաները պատկերացնում մեր հեքիաթները»:

Նշենք, որ «ԱրմԱուդիո» ընկերությունը արդեն մեկ տարուց ավելին զբաղվում է երեխաների համար հայկական աուդիո-գրքերի արտադրությամբ, որը հատկապես կարեւոր է խախտված տեսողությամբ երեխաների համար: Ըստ Ռուբեն Սարդարյանի` երեխաների այս նկարները օգտագործվելու են նոր ձայներիզների ձեւավորման մեջ: