ՍԻՐՈՒՇՈՆ ՈՒ ԱՐԱՄԵՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԵՆ
Աջակցիր «Ա1+»-ինԵրեկ երեկոյան Հանրային Հեռուստատեսությունը «Արամ Խաչատրյան» Մեծ համերգասրահից ուղիղ եթերով հեռարձակեց 2007 թվականի Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը: «Տարվա լավագույն երգչուհի» անվանակարգում հաղթող ճանաչվեց Սիրուշոն, իսկ «Տարվա լավագույն երգիչ»` Արամեն: «Տարվա հայտնություն» ճանաչվեց Վարդան Բադալյանը, իսկ «Տարվա լավագույն տեսահոլովակ»` Էմմիի եւ Սուպեր Սաքոյի «Եթե դու գնաս տեսահոլովակը», որի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է:
Այս տարի անվանակարգերում ներառված էին նաեւ ժողովրական երգիչ եւ երգչուհի անվանակարգերը: «Տարվա լավագույն ժողովրդական երգիչ» անվանակարգը շնորհվեց Արսեն Գրիգորյանին, «Տարվա լավագույն ժողովրդական երգչուհի» ճանաչվեց Աննա Մայիլյանը: Աննա Մայիլյանը հաղթող ճանաչվեց նաեւ «Տարվա լավագույն ժողովրդական ալբոմ» անվանակարգում: «Տարվա լավագույն խումբ» անվանակարգում հաղթեց «Արմենոիդս» խումբը, «Տարվա լավագույն ազգագրական համույթ» անվանակարգը շնորհվեց Ակունք համույթին: «Տարվա հիթ» ճանաչվեց Սոֆի Մխեյանի «Օրը եւ ներկան» երգը, իսկ «Լավագույն փոփ ալբոմ» անվանակարգում հաղթեց Հայկոն` իր «Մի խոսքով» ալբոմով:
Մրցանակներ շնորհվեցին նաեւ ջազ եւ դասական երաժշտության ներկայացուցիչներին: «Տարվա լավագույն ջազ նախագիծ» ճանաչվեց «Ջազ բենդ» խմբի 10-ամյակին նվիրված համերգը, իսկ «Դասական երաժշտության տարվա հայտնություն» անվանակարգում հաղթեց Հայաստանի պետական երիտասարդ նվագախումբը: Նշենք, որ այս տարի Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը վերածվել է պետական մրցանակի եւ ժյուրիի անդամների մեջ կան նաեւ Մշակույթի նախարարության ներկայացուցիչներ: