Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՎՐԱՏԵՍԻԼԻ ԵՐԳԸ ԿԸՆՏՐՎԻ ՄԱՐՏԻ 8-ԻՆ

Մշակույթ

«Եվրատեսլիլ-2008» երգի մրցույթի համար արդեն գրվել են 5 երգեր, որոնք հանրության դատին կներկայացվեն մարտին: «Երգերն արդեն գրված են, դրանք գործիքավորվում, ձայնագրվում են: Մինչեւ մարտի 8-ը հեռուստադիտողը ծանոթ կլինի երգերին, իսկ մարտի 8-ին կկատարվի երգի ընտրությունը»,- «Ա1+»-ին տեղեկացրեց Հանրային Հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը:

Նրա փոխանցմամբ` երգերը հիմնականում անգլերեն են, դրանից մեկը անգլերեն-հայերեն համադրությամբ է գրված: «Բազմաժանր էստրադային երգեր են, այսինքն` կան եւ բալլադներ եւ տեմպով արագ երգեր»,- ասում է ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը, ում կարծիքով հեռուստադիտողները մեծ ընտրության հնարավորություն կունենան: «Կարծում եմ, որ շատ հետաքրքիր կլինի, քանի որ երգերը բազմաժանր են եւ տարբեր կոմպոզիտորների ստեղծագործություններ են, գեղեցիկ երգեր են ստացվել»,- ասում է Հ1-ի գլխավոր պրոդյուսերը:

Հիշեցնենք, որ այս տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթը, որը տեղի կունենա Սերբիայի Բելգրադ մայրաքաղաքում, կանցկացվի 3 փուլով` 2 կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ: Կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 20-ին եւ 22-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 24-ին: Այդ մրցույթում Հայաստանը ներկայացնող Սիրուշոն նախ պետք է մասնակցի կիսաեզրափակչին, որտեղ հաջող հանդես գալու դեպքում` կստանա եզրափակչի ուղեգիր: