Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՍԻՐԵՑԵՔ ԶՄԻՄՅԱՆՍ»

Մշակույթ

«Ես ավարտեցի մի շատ կարեւոր ստեղծագործություն, որի վրա աշխատել եմ 7 տարի: Այն կոչվում է «Սիրեցեք զմիմյանս», այսինք` կոչ ամբողջ աշխարհին ապրել համերաշխության մթնոլորտում, լինել հանդուրժող»,- երաժիշտ Արա Գեւորգյանն այսօր տեղեկացրեց իր նոր ստեղծագործության մասին:

«Այս ստեղծագործության վրա աշխատել են տարբեր ազգերի երաժիշտներ: Արդեն նկարահանված են 3 տեսահոլովակներ, պատրաստվում ենք նկարահանել նաեւ` 4-րդը»,-ասաց Արա Գեւորգյանը:

Այդ տեսահոլովակները հանրության դատին կհանձնվեն հաջորդ տարի: Արա Գեւորգյանը «Սիրեցեք զմիմյանս» անվամբ նաեւ երգ է գրել, որի բառերի հեղինակը ֆին երգչուհի Ինկան է: Երգը կկատարեն 17 ազգերի երգիչներ, որոնք կատարում են նաեւ Արա Գեւորգյանի «Ադանա» երգը: «Կան երգի անգլերեն, շվեդերեն, գերմաներեն եւ ֆիներեն տարբերակները, այժմ հավանաբար արդեն պատրաստ է հայերեն տարբերակը, որից էլ կթարգմանվեն մյուս լեզուներով»,- ասաց Արա Գեւորգյանը:

Արա Գեւորգյանը երազում է, որ այդ 17 երկրների երաժիշտները նվագեն «Սիրեցեք զմիմյանս» ստեղծագործությունը Հայաստանում: «Դա իմ երազանքների գագաթնակետն է. ես ուզում եմ համերգ ունենալ այստեղ եւ այդ բոլոր երաժիշտների հետ այստեղից` Հայաստանից, խաղաղության կոչ անել ամբողջ աշխարհին»,- ասում է երաժիշտը: