«Արտ-Վերածնունդ»-ի մեկնարկը՝ ապրիլի 10-ին
Մեկնարկում է «Արտ-Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը: Նախորդ տարիների նման 2019-ին ևս «Արտ-Վերածնունդ» մրցույթ-փառատոնի շրջանակներում Հայաստան կժամանեն հանրահայտ կոմպոզիտորներ, դիրիժորներ, երաժիշտ-կատարողներ, ովքեր վարպետության դասեր ու գիտական կոնֆերանսներ կանցկացնեն, ինչպես նաև ելույթներ կունենան փառատոնի շրջանակում: «Արտ-Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնն այս տարի նվիրվում է Կոմիտաս վարդապետի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին: Մրցույթ-փառատոնի մեկնարկը կտրվի ապրիլի 10-ին, 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս հայտնի այս փառատոնը կանցկացվի նաև Արցախի Հանրապետությունում՝ նույն ձևաչափով ու նույն սկզբունքներով: Փառատոնն անցկացվում է հետևյալ անվանակարգերում`դաշնամուր, լարային գործիքներ, փողային գործիքներ, ակադեմիական երգեցողություն, ազգային երգեցողություն, ազգային նվագարաններ, էստրադային երգեցողություն, էստրադային գործիքներ, կամերային անսամբլ, երգչախումբ, խորեոգրաֆիկ արվեստ, կերպարվեստ, կոմպոզիցիա, երաժշտական թատրոն, թատերակարգեր: Նախորդ տարիների նման՝ 2019-ին ևս մասնակցության բազմաթիվ հայտեր են ստացվել: Ի դեպ, այս փառատոնը նաև օնլայն լսումների հնարավորություն է տալու այն մասնակցին, ով Երևան հասնելու դժվարություն կունենա: Մասնագիտական ժյուրին կատարմանը կհետևի տեսազանգի օգնությամբ: Իսկ ապրիլի 16-ին Երևանում «Արտ-Վերածնունդ » միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում կկայանա « Մշակույթների երկխոսություն» XIII միջազգային գիտաժողովը՝ « Մշակույթ և հասարակական գիտակցություն » թեմայով, որը նվիրվում է Կոմիտասի ծննդյան 150-ամյակին: