Երեւանի «յուղոտ» տարածքների սեփականատերերը նախկին թաղապետերն ու իրենց մերձավորներն են (տեսանյութ)
Երեւանում «յուղոտ» տարածքները շատ ցածր գներով գնվել են նախկին թաղապետերի կամ իրենց մերձավորների կողմից: Այս մասին Եվրոպայի հրապարակի բացման արարողությունից հետո ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին: «Ցավոք սրտի, այսօր, իրենք սեփականության վկայականներ ունեն: Այս պրոցեսը 20 տարի եղել է, և այսօր կան ծրագրեր, որ մենք ուզում ենք իրականացնել, բայց այս հանգամանքը խանգարում է: Բայց եթե մեզ պետք է մի հողակտոր՝ ինչ-որ մի ծրագրի իրականացման համար, մենք բանակցում ենք, որ իրենք այդ հողը զիջեն մեզ, մենք իրենց համանման հող մեկ այլ տեղում տանք: Ցավն այն է, որ սեփականաշնորհվել են նաև այգիների տարածքներ, որն ամենադաժանն է: Եվ մարդիկ գալիս են, ուզում են այդ այգիներում շինարարություն անելու համար թույլտվություն ստանալ, բնականաբար, մենք մերժում ենք»,- ասաց քաղաքապետը: Հայկ Մարությանը հայտնեց, որ հողատարածքներ սեփականաշնորհվել են Նոր Նորքի, Դավթաշենի և մնացած գրեթե բոլոր այգիներում. «Մենք դատախազության հետ համատեղ այս ուղղությամբ աշխատում ենք: Սկսել ենք այգիներից, այս պահին գույքագրում ենք այգիները և դատախազության հետ համատեղ տեսնում ենք, թե ինչ հիմքերով են վաճառվել տարածքները, և կտեսնենք արդյունքները»: