Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ի՞նչ է նշանակում կրճատել աղքատությունը և գործազրկությունը՝ չներկայացնելով ոչ մի ցուցանիշ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
xosrov

ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ  Խոսրով Հարությունյանը կարծում է, որ կառավարության  ծրագրում նշված են որոշ թվեր, ինչպես  օրինակ միջին հաշվով տարեկան առնվազն 5 տոկոս համախառն ներքին արդյունքի աճ կամ կուտակային հիմնական ֆոնդերի ծավալի համախառն ներքին արդյունքի 23-25 տոկոս, բայց իր համար անհասկանալի է, թե ի՞նչ է նշանակում կրճատել աղքատությունը և գործազրկությունը՝ չներկայացնելով ոչ մի ցուցանիշ։ «Մենք չենք տեսնում կառավարության ծրագրում այնպիսի կարևորագույն հարցադրումներ, ինչպես օրինակ՝ հարկեր- ՀՆԱ փոխհարաբերությունը, մինչդեռ, սա կարևոր ցուցանիշ է, որը հնարավորություն է տալիս գնահատել կառավարության տնտեսական քաղաքականությունը»։ Խոսրով Հարությունյանի խոսքով, հետևելով երեկ ԱԺ-նիստում վարչապետի ելույթը տպավորություն է ստեղծվում, որ տնտեսական հեղափոխություն ասելով վարչապետը նկատի ունի զանգվածային ներգրավվածություն տնտեսական կյանքին։   «Կառավարությունը ասում է՝ մենք ստեղծում ենք ամեն հնարավորություն, որ դուք զբաղվեք բիզնեսով։ Սակայն հանրության ոչ մեծ հատվածն է, որ պատրաստ է զբաղվել  բիզնեսով։ Սխալ է ենթադրել, որ այս ձևով տնտեսության արմատական փոփոխություն կլինի։ Մրցունակ տնտեսությունը ոչ միայն որակյալ արտադրության զարգացումն է, այլև արտաքին բացասական ազդեցություններին դիմագրավելու կարողությունն է»,- ընգծում է Խոսրով Հարությունյանը։ Նախկին պատգամավորը անդրադառնալով նախարարությունների օպտիմալացմանը նշեց, որ իր համար անընդունելի է մշակույթի և գյուղատնտեսության նախարարությունների օպտիմալացումը, քանի որ այս երկու ոլորտները շատ կարևոր են մեր երկրի զարգացման համար։ Նրա կարծիքով ճիշտ կլինի նաև ստեղծել ջրային ռեսուրսների կառավարման նախարարություն, քանի որ ջուրը մեզ համար ստրատեգիական ռեսուրս է։ «8 մլրդ խորանարդ մետր ջրային հոսքից միայն 2 մլրդ են կարողանում կառավարել, մնացածը գնում է  Քուռ ու  Ադրբեջան։ Ճիշտ կառավարման արդյունքում հավանաբար Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ջրերի մակարդակն այսօր այդքան ցածր չէր լինի»։