«Հարկային բարեփոխումը» հարված է փոքր բիզնեսին. գործարար (տեսանյութ)
Կառավարությունը նախաձեռնել է Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ: Այն նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 30-ը դրված էր Իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում հանրային քննարկման, սակայն քաղաքական պրոցեսների՝ արտարհերթ խորհրդարանական ընտրությունների պատճառով այն կառավարություն կներկայացվի մոտ ժամանակներս: Ըստ նոր Հարկային օրենսգրքի՝ Երևանում և մարզերում արտոնություն է տրվելու միկրոբիզնեսին: Եթե բիզնեսի շրջանառությունը չի հատում 24 մլն դրամի շեմը, ապա բիզնես ունեցողները կազատվեն բոլոր տեսակի հարկերից: Գուրգեն Մելիքյանը զբաղվում է փոքր բիզնեսով, նա «ՄԳ ԸՔԱՈՒՆԹԻՆԳ» հաշվապահական գրասենյակի տնօրենն է: Նրա համար առնվազն անհասկանալի է, թե ինչո՞ւ չեն արտոնությունները տարածվում նաև այլ տեսակի բիզնեսի վրա: «Բացի նրանից, որ չեմ օգտվում այդ արտոնությունից, այլև բերում են ընդհանուր հարկման դաշտ, այսինքն մինչ այս ես վճարում էի 5 % շրջանառության հարկ, իսկ այժմ 30 %, դա հարված է փոքր բիզնեսին»: Մելիքյանը վստահեցնում է՝ եթե իրենց հարկը բարձրանալու է, ապա ընկերությունն էլ ստիպված պետք է ծառայությունների արժեքը բարձրացնի: «Ես էլ պետք է իմ ծառայությունների արժեքը թանկացնեմ, որովհետև իմ շրջանառությունը փոքր է, և աշխատողներին աշխատավարձ եմ տալիս: Այսօր փոքր բիզնեսը անտառում մենակ է մնացել, չկա իրենց ուղղորդող մարմին»: Հարկային օրենսգրքում փոփոխություններ լինելու պարագայում, ընկերության տնօրենը կարծում է, որ փոքր բիզնեսը վնաս է կրելու: Իսկ տնտեսվարող Գարեգին Դանիելյանը, որն ունի հացաբուլկեղենի արտադրություն և խանութ, նշում է, որ սպասելիքներ ունեին կառավարությունից, բայց այն չարդացվեցին: Տնտեսվարողը վստահեցնում է՝ չի խուսափում հարկ վճարելուց, բայց այն պետք է համապատասխան լինի շուկայում ձևավորված եկամտաբարությանը: Գարեգին Դանիելյանը կարծում է, որ պետք է ոլորտում ուսումնասիրություններ լինեն, նոր օրենքները կյանքի կոչվեն: Ըստ նրա՝ միայն միկրոբիզնես ունեցողներին հարկերից ազատելը բավարար չէ: Կարծում է, որ փոփոխություններ պետք է լիներ նաև գերփոքր և փոքր բիզնես ունեցողների համար: Փոքր բիզնեսի համար շրջանառության և եկամտային հարկերի չափերի փոփոխություն չի եղել: Ըստ նոր Հարկային օրենսգրքի՝ շրջանառության հարկի շեմը մնում է անփոփոոխ՝ 115 մլն դրամ: «Առաջարկում ենք, որ հարկային մարմինները, Տնտեսական մրցակցության պաշտպանության կոմիտեն և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը քննարկումներ կամզակերպի, լսեն փոքր բիզնեսի ներկայացուցիչների առաջարկությունները, համարժեք փոփոխություններ կատարվեն, որպեսզի փոքր բիզնեսին օժանդակություն տրվի»: Մանրամասն՝ տեսանյութում: