ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի, ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի քաղաքական, հանցագործ վճռի կանաչ լույսն էր. Մակեյանը՝ «Մարտի 1»-ի մասին
«Ռոբերտ Քոչարյանը հանցագործ է, պետական դավաճան է և պետք է պատասխան տա իր արարքի համար: Հիմա նա փորձում է ամեն ինչից խուսափել, ասել, որ ինքը տեղյակ չի եղել 0038 հրամանից, իրազեկված չի եղել: Ուղղակի փորձում է քողարկել իրականությունը»,- ասում է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, քաղաքական գործիչ Պետրոս Մակեյանը «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում: Քաղաքական գործչի համոզմամբ, եթե մի դատավոր փողի դիմաց բաց թողնի Քոչարյանին, ապա հասարակական ցասումը կարող է մեծ վտանգի առջև կանգնեցնել հայոց պետականությունը: «Քոչարյանը մենակ չի եղել, չէ՞: Սերժ Սարգսյանն ու մնացած մի քանի տասնյակ հանցագործներ պետք է «իրենց տեղում» հայտնվեն: Քոչարյանը միանշանակ պետք է մնա բերդում»,- ընդգծում է Մակեյանը: Նշենք, որ Քոչարյանի փաստաբանական խումբը երկու գանգատ է ուղարկել Մարդու իրավուքների եվրոպական դատարան. մեկը՝ անմեղության կանխավարկածի և պաշտպանության իրավունքի խախտման հիմքերով, իսկ մյուսը՝ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորման որոշումն ընտրելու հիմքով: Ինչպես նաև փաստաբան Ռուբեն Սահակյանը հայտարարել էր, որ «Մարտ 1»-ի իրադարձությունների շրջանակում սահմանադրական կարգի տապալման փորձ արել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Այս կապակցությամբ Մակեյանն ասաց, որ Քոչարյանի փաստաբանները վճարվել են իրենց պաշտպանյալին արդարացնելու համար և «ինչ ասես» կարող են անել: «Հատուկ քննչական ծառայությունը ոչ միայն Լևոն Տեր-Պետրոսյանին, այլև՝ էդ ժամանակվա քաղաքական ակտիվիստներին, լիդերներին, բոլորին էլ որպես վկա պետք է հարցաքննի: Տասը տարի Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ քննություն է գնացել: Եթե ընդդիմության ձեռքը զենք է եղել, հանրահավաքի մասնակիցները զինված են եղել, էդ հաստատ, կբացահայտեն, չէ՞»,- հարցադրում է անում քաղաքական գործիչը: Պետրոս Մակեյանն ասում է, որ տասը տարի գործը քողարկել են նախկին իշխանությունները, և հիմա փորձ է արվում «շուռ տալ» 2008 թվականի ժամանակվա ընդդիմության վրա. «Ընդդիմադիր լիդերները, այդ թվում՝ ես, եթե ճիշտ կազմակերպեինք, «Մարտի 1»-ին կարելի կլիներ իշխանությունը վերցնել»: Քաղաքական գործիչը շեշտում է, որ այդ ժամանակ կրակ է բացվել ժողովրդի վրա, զոհերի թիվը 10 են ասում, բայց խոսակցություններ կան, որ ավելին է: 0038 հրամանը, ըստ նրա, հակասահմանադրական է, քանի որ դրանով բանակը ներքաշվել է քաղաքական պրոցեսների մեջ: Քոչարյանը միակ պատասխանատուն չէ, բայց պատասխանատուներ պետք է փնտրել ոչ թե ընդդիմության մեջ, ընդդիմության լիդերների մեջ, այլ՝ իշխանության սպասարկողների: «Թե ինչ են ասում պատասխանատուները, որոնց նկատմամբ արդեն գործեր են հարուցվում, դա երկրորդ խնդիր է: Դա պետք է լուծվի իրավական հարթության մեջ: Քաղաքական մասով դա հստակ է: Եղել է քաղաքական վճիռ, որ իշխանությունը չեն հանձնել: Ժողովրդի կարծիքը հաշվի չեն առել: Քաղաքական վճիռը կայացրել են փետրվարի 27-ին: Եվ այնուհետև, երբ որ կոալիցիա կազմվեց, դարձավ, հիմնական կանաչ լույսը վառվեց: Դա Դաշնակցության, ՕԵԿ-ի, Հանրապետականի և ԲՀԿ-ի քաղաքական, հանցագործ վճռի կանաչ լույսն էր»,- եզրափակեց Մակեյանը: