Ինչու չեն հանդիպել Արփինե Հովհաննիսյանն ու Ռուբեն Ռուբինյանը (տեսանյութ)
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքների ավարտից հետո պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն անդրադառնում է Արփինե Հովհաննիսյանի ֆեսբուքյան այն հայտարարությանը, թե հնարավորություն չի ունեցել հանդիպել նոր պատվիրակության անդամներին՝ փորձը փոխանցելու համար և կփորձի ֆեյսբուքով օգնություն ցույց տալ: Դիտարկմանը, թե ինչու՞ չեն հանդիպել ԵԽԽՎ պատվիրակության նախկին ղեկավար Արփինե Հովհաննիսյանի հետ, նոր ղեկավարը նշեց. «Տիկին Հովհաննիսյանը երբևիցե ինձ հետ կապ չի հաստատել, չի առաջարկել, որ հանդիպենք: Ես էլ չեմ նախաձեռնել, նաև խնդրում եմ հաշվի առնել, որ ԵԽԽՎ պատվիրակությունը մեկնել է Ստրասբուրգ պատվիրակության կազմի և ղեկավարի ԱԺ խորհրդի կողմից հաստատման հաջորդ օրը: Ես որևէ անձի հետ, ներառյալ նախկին իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպելու խնդիր չունեմ, եթե դրա նպատակը Հայաստանի շահերի սպասարկումն է»: Ինչ վերաբերում է Ադրբեջանի պատվիրակությանը, ապա ըստ ՀՀ պատվիրակության փորձառու անդամ Միքայել Մելքումյանի՝ նրանց հռետորաբանությունը փոխվել էր: «Չնայած մենք ունեցանք նաև հակադիր տեսակետներ, բայց միևնույն է, դրանք որոշակի փոփոխությունների են ենթարկվել»: Որպեսզի ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը հաջողություն ունենա, ըստ պատվիրակության անդամ Հովհաննես Իգիթյանի՝ անհրաժեշտ է Հայաստանի ներքին զարգացված լինելը և ժողովրդավարության զարգացման աստիճանը: «Այլ կերպ հնարավոր չէ այդ կառույցում հաջողություն ունենալ: Մեր հիմնական աշխատանքը Հայաստանի ներսում է: Նախկինում շատ հաճախ պատվիրակությունը ստիպված տանում էր իմիտացիոն քաղաքականություն և շատ հաճախ փորձում էր կոծկել մարդու իրավունքների և ժողովրդավարության խախտումները, որոնք անում էր այստեղ գործադիրը: Այդպես աշխատել և հաջողություն ունենալ, գրեթե անհնար է: Այն գործընթացը, որ մենք ունեցանք թավշյա հեղափոխությունից հետո, շատ կարևոր է, եթե մենք դա դարձնենք ինստիտուցիոնալ և ինչքան ավելի զարգացած գնանք այդ ուղղությամբ ավելի հեշտ կլինի այնտեղ ներկայացնել Հայաստանը և Ադրբեջանի հանդեպ ունենալ հաջողություններ, ոչ թե լեզվակռվի, այլ՝ ժողովրդավարության զարգացմամբ»: Իգիթյանի այս հայտարարությանը անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, որը նախկինում նույնպես եղել է պատվիրակության նադամ: «Պատվիրակությունը այն ժամանակ էլ ունեցել է ընդդիմադիր ներկայացուցիչ: Եթե ինչ-որ բան փորձեին կոծկել, մենք էլ չէինք թույլ տա: Այն ժամանակահատվածը, որ գոնե ես հիշում եմ ՝ ոչ մի նման դեպք չի եղել, եթե մարտի 1-ի ժամանակահատվածի մասին է խոսքը, մենք չենք եղել, չգիտեմ, չեմ կարող ասել: Ինձ թվում է ընդհանուր պատվիրակությանը գնահատական տալ ճիշտ չէ»: