Արդյո՞ք ճիշտ է, որ բազմաթիվ գիտնականներ կմնան առանց աշխատանքի. Փաշինյանը՝ նախարարին
Այսօրվանից շրջանառության մեջ կդրվի Կրթության եւ Գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հրամանը, որով կգնահատվեն ինստիտուտների գիտահետազոտական կենտրոնների արված աշխատանքները, արդյունքները եւ պոտենցիալը: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Արայիկ Հարությունյանը: Իսկ մինչ այդ՝ կառավարության նիստի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց Արայիկ Հարությունյանից՝ արդյո՞ք ճիշտ է, որ բազմաթիվ գիտնականներ կմնան առանց աշխատանքի: Կրթության եւ Գիտության նախարարն ասաց, որ կառավարությունը 2018թ.-ի դեկտեմբերի 27-ին ընդունել է 2019թ.-ի բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին համապատասխան որոշում, որով առաջարկվում է մի շարք բուհերի ու գիտահետազոտական կենտրոնների բազային ֆինանսավորումն իրականացնել 2018-ի սեպտեմբերի 24-ի ԿԳՆ-ն կողմից ստեղծված բազային ու պետական նպատակային ծրագրերի նախագծերի քննարկման հանձնաժողովի սահմանված կարգով»: «Ունեցել ենք որոշում 2018-ի սեպտեմբերին, որով հաստատել ենք բուհերի բազային ֆինանսավորման մրցույթը և երբ դեկտեմբերի վերջին ընդունել ենք որոշումը, այս հանգամանքը հաշվի չենք առել: Հաջորդ տարիներին միանգամայն այլ կարգ է լինելու: Նման կրճատումներ չեն լինելու»,-ասաց նախարարը: Լրագրողների հետ զրույցում Արայիկ Հարությունյանը վստահեցրեց, որ լինելու է նախագծի հրապարակային քննարկում. «Եւ արդեն ըստ այդ վարկանիշավորման կլինի, մենք կառաջարկենք, որպեսզի հաջորդ տարվանից ավելի արդյունավետ ֆինանսավորում լինի: Եթե ասում ենք՝ դնում ենք շրջանառության մեջ, ապա դա լինելու է հրապարակային քննարկում, այս նախագիծը որոշ գիտնականների հետ քննարկվել է, բայց ավելի լայն քննարկման կդրվի: Ըստ նպատակահարմարության ընդունվեց այս որոշումը, որը կարծում եմ եւ կառավարության համար, եւ կրթության եւ գիտության նախարարության համար եւ գիտության կոմիտեի համար, որը մրցույթներ պետք է անցկացներ, եւ գիտնականների համար փոխադարձ ընդունելի որոշում էր»,-ասաց Արայիկ Հարությունյանը: